ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանի գինեգործներն ուկրաինական ճգնաժամի ֆոնին կանգնած են խնդրի առաջ` արտահանմունը դեպի Ռուսաստան, Բելառուս և Ուկրաինա գործնականում կանգնած է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։
«Առաջին հերթին` արտահանումը կանգնած է, երկրորդ` չգիտենք հետո ինչ կլինի` կարտահանվի, թե ոչ, և երրորդ` մինչև հիմա արտհանողները չեն ստացել այն գումարները, որոնք նախատոնական արտահանումների դիմաց (նոյեմբեր–դեկտեմբերի ամիսներ) պետք է ստանային։ Արտահանման մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին և շուրջ 10-ական տոկոսով էլ ԱՊՀ երկրների կտրվածքով հասնում էր Ուկրաինա և Բելառուս»,– ասաց Հարությունյանը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ներկայում Եվրոպայից և առհասարակ արևմուտքից դեպի ՌԴ ալկոհոլային խմիչքի ներկրումը դադարեցված է, և արդյոք հնարավոր է, որ հայկական արտադրատեսակներն այդ բացը լրացնեն, նա հիշեց 2006-2008 թթ. ռուս–վրացական ճգնաժամի պատճառով առաջացած խնդիրները և շեշտեց, որ այժմ պետք է դրանից դասեր քաղել։
«Այն ժամանակ մենք չկարողացանք օգտվել այդ իրադրությունից մի քանի պատճառով` հայկական գինու նկատմամբ ձևավորված մենթալիտետը թույլ չտվեց, որպեսզի մենք մրցակցենք այլ պետությունների հետ և վրացական գինու դեֆիցիտը լրացրվեց այլ երկրների գինիների օգնությամբ։ Այժմ այդ բացը շատ արագ կարող է փոխարինվել պատժամիջոցներին չմիացած երկրների` Արգենտինայի, Չիլիի, Հարավաֆրիկյան Հանրապետության գինիներով։ Հիմա կուժեղանա նաև վրացական գինու գործոնը։ Չեմ կարծում, որ մենք կտրուկ, շրջադարձային որևէ բան կանենք, բացի այդ ռուբլին արժեզրկվել է, և որևէ մեկը ռիսկ չի անի մեծ մասշտաբներով խաղալ ռուբլու հետ»,– ընդգծեց Հարությունյանը։
Խոսելով իր թվարկած երկրների մասին` Գինու ազգային կենտրոնի նախագահը շեշտեց` նրանք կարող են 0.5-1 ԱՄՆ դոլար արժողությամբ գինիներ արտահանել ռուսական շուկա և նրանց դեպքում ռուբլու վայրիվերումները շատ լուրջ նշանակություն չեն ունենա։ Վրացական կողմը նույնպես կարող է ակտիվանալ, քանի որ ինքնարժեքի և վաճառվող գնի մարժան շատ մեծ է ու նրանք կարող են իրենց թույլ տալ գներն իջեցնել։ Հայաստանը չի կարող նման բան անել, քանի որ նույն սահմանային արժեքի վրա է աշխատում։
Հարությունյանը նշեց, որ Հայաստանը չի կարող գինեգործության ամենաէժան սեգմենտում հայտնվել, քանի որ հումքը, աշխատուժն ու էներգակիրները շատ թանկ են և ռեսուրսները չեն հերիքում։ Հայկական գինիներն արտահանման ոլորտում գտնվում են միջին գոտում, որը բավական խոցելի է, քանի որ կապված է վայրիվերումների հետ։
Խոսելով այն մասին, թե ներկա պահին Հայաստանում կուտակված և արտահանման ենթակա ալկոհոլն ինչպես է ռեալիզացվելու` Հարությունյանը շեշտեց` ներսի շուկան լճացած է և որևէ ավելացում ակնկալելը ռեալ չէ։
«Դուրսն աշխատում են, բայց գինու առումով ռուսական շուկայի ազդեցության գոտուց դուրս գալու արագությունը 1-2 % է, իսկ կոնյակի մասով արագությունը տարեկան մոտ 0.5 տոկոս է։ Կան խնդիրներ, սակայն ամենալուրջ խնդիրը, որ ես տեսնում եմ, այն է, որ նոր բերք ստանալու համար վարկերը չեն կարողանալու մարել, և գյուղացին սննկացման եզրին կհայտնվի»,– ասաց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ կառավարությունը պետք է մտածի այդ մասին, լուծում գտնի, թե ինչ արվի, որպեսզի բերքը չմնա գետնին։