Զելենսկու գրասենյակից ասել են` որ դեպքում կքննարկվի Ուկրաինայի չեզոք կարգավիճակը

Վլադիմիր Զելենսկի
Պաշտոնյան նշել է, որ Կիևը պատրաստ է իրադրության դիվանագիտական կարգավորմանը, Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահների ուղիղ բանակցությունների անցկացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Կիևը պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նաև ասել էր, որ անվտանգության երաշխիքների դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելու հարցը:

«Ուկրաինան պատրաստ է քննարկել չեզոքության մասին ՌԴ պահանջը, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն, բայց ոչ մի դյույմ տարածք չի հանձնի», - ընդգծել է Ժովկվան:

Նա նաև նշել է, որ Կիևը պատրաստ է իրադրության դիվանագիտական կարգավորմանը, Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահների ուղիղ բանակցությունների անցկացմանը:
«Մենք պատրաստ ենք հարցերի լայն շրջանակ քննարկել ՌԴ-ի հետ», - ընդգծել է Ժովկվան:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ Զելենսկին պատրաստ է նախագահ Պուտինի հետ ուղիղ երկխոսության: «Երկու երկրների նախագահների անմիջական շփումն անհրաժեշտ է սարսափելի պատերազմն ավարտելու համար», –ավելացրել է Ժովկվան և ընդգծել, որ այդ բանակցությունների անցկացման համար Կիևի գլխավոր պայմանը հրադադարն է և Ուկրաինայից ՌԴ զորքերի դուրսբերումը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։