Ծխելը վնասակար է տնտեսությանը. ըստ Թորոսյանի` տարեկան կորցնում ենք ՀՆԱ-ի 4.2 տոկոսը

Արսեն Թորոսյանը նշում է, որ ծխախոտային արտադրատեսակների համար մուծած հարկերը երբեք չեն գերազանցել դրա տված վնասի չափին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ծխելը վնասակար է ոչ միայն յուրաքանչյուրի առողջությանը, այլ նաև մեր տնտեսությանը։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Առաջարկվում է ավելի հստակեցնել, թե որոնք են համարվում ծխախոտի փոխարինիչներ և համալրել այդ ցանկը։
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխելու պատճառով տարեկան կորցնում ենք մեր ՀՆԱ-ի 4.2 տոկոսը, ինչը յուրաքանչյուր անձի հաշվով 92 000 դրամ է կազմում։ Դեմ չեմ, որ կարող է տնտեսվարող որևէ ճյուղի սա վնաս տա, սակայն ընդհանուր համատեքստում միայն օգուտ են տալու այս սահմանափակումները»,–ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով` ծխախոտային արտադրատեսակների համար մուծած հարկերը երբեք չեն գերազանցել դրա տված վնասի չափին։ Թորոսյանը հավելեց, որ դրանցից տարեկան 5500 մարդ է մահանում ՀՀ–ում։
Միաժամանակ, պատգամավորները հետաքրքրվեցին ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանից, թե ինչո՞ւ են ներառել նաև բացօթյա սննդի օբյեկտներում ծխելու արգելքը, ինչին ի պատասխան փոխնախարարը նշեց, որ այն ներառել են, որպեսզի տարբերակված մոտեցում չլինի տնտեսվարողների նկատմամբ։
Նանուշյանը նշեց, որ Ռուսաստանում, օրինակ, նույնպես կիրառվում է այս նորմը, և փորձը ցույց է տվել, որ այն աշխատում է։
«Բուռնութի՞ն էլ է մտնելու ծխախոտային սահմանափակումների մեջ». Վարդանյանը` Նանուշյանին
Օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ 67 կողմ, 2 դեմ և 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Օրենքի նախագծի երկրորդ քննարկումը տեղի կունենա 24–ժամվա ընթացքում։