Ռուսաստանի ՊՆ-ն ցուցադրել է Դոնբասի վրա հարձակման` Կիևի պլանները հավաստող փաստաթղթերը

Մինչև փետրվարի 28-ն ուկրաինացի ազգայնականների մարտական միավորումը պետք է կազմավորված լիներ, որպեսզի ապահովեին Դոնբասում մարտական խնդիրների կատարումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ձեռքի տակ հայտնված գաղտնի փաստաթղթեր, ըստ որոնց` ուկրաինացի ազգայնականները մարտին պետք է պատրաստ լինեին Դոնբասի վրա հարձակման համար, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ մինչև փետրվարի 28-ն ուկրաինացի ազգայնականների մարտական միավորումը պետք է կազմավորված լիներ, որպեսզի ապահովեին Դոնբասում մարտական խնդիրների կատարումն ուկրաինական, այսպես կոչված, «միավորված ուժերի գործողության» կազմում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բալանի կողմից հունվարի 22-ին ստորագրված գաղտնի հրամանի բնօրինակը, որը ռուս զինվորականների ձեռքն է ընկել։ Այն հաստատում է Դոնբասում կիևյան ռեժիմի կողմից հարձակողական գործողության նախապատաստումը, պատրաստման պլանը։
«Խոսքը 80-րդ դեսանտագրոհային բրիգադի մասին է, որը 2016 թվականից Լվովում ամերիկացիների և բրիտանացիների կողմից վերապատրաստվել են «նատովյան ստանդարտի» ծրագրով։ Դրա կազմում պետք է ընդգրկվեին ազգային գվարդիականների 4 խումբ։ Ընդ որում, գործողության համար զինվորականների կազմը մանրակրկիտ կերպով է ընտրվել` թույլատրվում էր միայն նրանց մասնակցությունը, որոնք համապատասխանում էին «ռիսկերին պատրաստվածության» չափանիշին»,–ասել է Կոնաշենկովը։
Նա հավելել է նաև, որ հրամանում էական ուշադրություն է դարձվում «անձնակազմի ընտրությանը, նրանց հոգեբանական հետազոտությանն ու մեծ մոտիվացիայի ապահովման» հարցերին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 14–րդ օրը։