ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հումանիտար միջանցքների վերաբերյալ Կիևի անհեթեթ պահանջները ցույց տվեցին, որ ուկրաինական կողմից դրանց համաձայնեցման համար պատասխանատուները չեն տիրապետում իրադրությանը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նա նշել է, որ ՌԴ-ն մարդասիրական նպատակներով հանդես է եկել «պաշտոնական Կիևին» ուղղված հերթական նախաձեռնությամբ՝ 10 հումանիտար միջանցք բացելու և Կիևից, Չերնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակչությանն ու օտարերկրյա քաղաքացիներին տարհանելու համար:
Մասնավորապես առաջարկվել է յուրաքանչյուր քաղաքից դեպի Ռուսաստան տանող մեկական մարդասիրական միջանցք բացել, ինչպես նաև Կիևի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներով՝ մեկական միջանցք դեպի Լեհաստան, Մոլդովա և Ռումինիա։
Գեներալը պարզաբանել է, որ գիշերվա ժամը 2-ին Ուկրաինայից պաշտոնական պատասխան է եկել, որում ՌԴ տարածք տարհանելու համար առաջարկված երթուղիները կտրականապես մերժվել են:
Ընդամենը երեք երթուղի է համաձայնեցվել․ մեկը՝ Կիևի ուղղությամբ դեպի հարավ, ինչպես նաև Սումիից Պոլտավա և Մարիուպոլից Զապորոժիե։ Բայց նաև երեք լրացուցիչ միջանցք է առաջարկվել՝ Էներգոդար քաղաքից դեպի Զապորոժիե, Վոլնովախայից դեպի Պոկրովսկ, Իզիում քաղաքից դեպի Լոզովայա։
«Բացի այդ, ուկրաինական կողմից աբսուրդ և ակնհայտորեն անիրագործելի պահանջներ են առաջ քաշվել` երթուղիներից մեկում իրականացնել պարտադիր ականազերծում, ընդ որում ՝ ազգայնականների կողմից տեղադրված ականային պայթուցիկ սարքերի, իսկ մյուսում՝ վերականգնել նահանջի ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված ավտոմոբիլային կամուրջը։ Այդ պահանջներն անհեթեթ են նաև այն պատճառով, որ երկու երթուղիներն էլ անցնում են ազգայնական գումարտակների վերահսկողության տակ գտնվող տարածքներով»,- պարզաբանել է Միզինցևը։
Ինչպես նշել է գեներալը, հաշվի առնելով ՌԴ-ի պատասխանատվությունը հումանիտար բաղադրիչի և խաղաղ բնակիչների ու օտարերկրյա քաղաքացիների ելքի անվտանգության ապահովման համար, որոնց ազգայնականները բռնի կերպով պահում են շրջափակված բնակավայրերում, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը համաձայնել է նաև ուկրաինական կողմի առաջարկած լրացուցիչ երթուղիներին:
Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման էին հասել քաղաքացիների տարհանման, մթերքի և դեղորայքի մատակարարման համար հումանիտար միջանցքների համատեղ ապահովման վերաբերյալ, սակայն մարդասիրական միջանցքները լիարժեք չեն գործել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։