Կանադան ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինա. Ջասթին Թրյուդո

Ջասթին Թրյուդո
Թրյուդոն Ուկրաինայի նախագահին հրավիրել է ելույթ ունենալ Կանադայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Կանադան ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինա։ Վարչապետ Ջասթին Թրյուդոն այդ մասին գրառում է արել Twitter-ի իր էջում։
«Քիչ առաջ զրուցեցի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ես նրան ասացի, որ Կանադան Ուկրաինային կուղարկի բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի ևս մի խմբաքանակ։ Մենք նաև քննարկեցինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ուկրաինային ուղարկվող հումանիտար օգնությունը», - գրել է Թրյուդոն։
Նա նշել է, որ Զելենսկուն հրավիրել է ելույթ ունենալ Կանադայի խորհրդարանի առջև։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։