Ռուսական նավթի վրա ԱՄՆ-ի էմբարգոն կարող է գների աճ առաջացնել հենց Ամերիկայում. այն առանց այդ էլ վերջին 40 տարվա ընթացքում գագաթնակետին է հասել, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:
2021-ին ԱՄՆ նավթի և նավթամթերքի ներմուծման շուրջ 8 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին։ Համաշխարհային չափանիշներով դա այնքան էլ շատ չէ (345 մլն բարել), և Ռուսաստանը կարող է սկսել այդ նավթը վաճառել Չինաստանին կամ Հնդկաստանին։ Սակայն քանի որ նավթի գնորդներն ավելի քիչ կլինեն, այն ստիպված կլինեն վաճառել զեղչով, նշում Է ABC News-ը։
Ի՞նչ է կատարվում գների հետ
Նավթի գներն աճել են նաև նախորդ ամիսներին՝ հետհամավարակային վերականգնմանը զուգընթաց, բայց ներկայումս դրանց աճն արագացել է. ընդամենը մեկ ամսվա ընթացքում նավթի գնանշումներն աճել են՝ մեկ բարելի դիմաց 90-ից հասնելով 130 դոլարի:
Եթե ռուսական նավթի էմբարգոն շարունակվի, գները կարող են հասնել 160 և նույնիսկ 200 ԱՄՆ դոլարի: Այդ դեպքում երկրում բենզինի միջին գները կարող են անցնել գալոնի (մոտ 3,8 լիտր) համար 5 դոլարի կրիտիկական նշագիծը, նշում Է ABC News-ը՝ հղում անելով վերլուծաբաններին:
Ըստ բենզինի գների նահանգային քարտեզի, որը ներկայացրել է Associated press-ը, Կալիֆորնիայում բենզինի գինը գերազանցել է գալոնի դիմաց 5 դոլարը, իսկ ԱՄՆ-ի նահանգների մոտավորապես կեսում 4-ից թանկ է: Ինչպես նշում է Los Angeles Times-ը, բենզինի գները գերազանցել են 2008 թվականի հուլիսի ռեկորդային մակարդակը (թեև՝ առանց շտկման ըստ գնաճի): Վերջին մեկ-երկու տարիների ցնցումների ֆոնին ԱՄՆ-ում առանց այդ էլ գնաճն ավելացել է. հունվարին այն հասել է 7,5 տոկոսի՝ վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին:
Ըստ աշխարհի խոշորագույն հաշվապահական ընկերություններից մեկի՝ RSM-ի գլխավոր տնտեսագետ Ջոզեֆ Բրուսուելասի՝ ոչ հարուստ աշխատողները (դա եկամուտների սանդղակով 40 տոկոսն է) կծախսեն իրենց խնայողությունները: Եթե նավթի գները երկարաժամկետ կտրվածքով մեկ բարելի դիմաց 130 դոլարից բարձր լինեն, բնակչության այդ խմբերը կհրաժարվեն ոչ առաջին անհրաժեշտության ծախսերից՝ կենտրոնանալով սննդի և ջեռուցման վրա։
Բիզնես-հատվածում կտուժեն նաև բեռնափոխադրող ընկերությունները, ինչպես նաև ապրանքների առաքման ծառայությունները, ինչպիսիք են UPS-ը և FedEx-ը:
Ինչո՞վ են փորձում փոխարինել
Ինչպես նշվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ էմբարգոյի մասին հրամանագրում, մինչև տարեվերջ Նահանգների կառավարությունը ռազմավարական պահուստից ավելի քան 90 մլն բարել նավթ կհանի շուկա: Դա այնքան էլ շատ չէ (ԱՄՆ-ում սպառման համար դա կբավականացնի 3-4 օր)։ Բայց Նահանգները ակտիվորեն այլընտրանք են փնտրում։
Շաբաթ օրը Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները այցելել են Վենեսուելա, որպեսզի քննարկեն «էներգետիկան և այլ հարցեր», հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Reuters-ի փոխանցմամբ՝ առաջին հանդիպումը պայմանավորվածությունների չի հանգեցրել, սակայն Guardian-ի կողմից հարցված մի շարք փորձագետներ կարծում են, որ Սպիտակ տունը փոխզիջումների կգնա և կմեղմացնի Մադուրոյի դեմ պատժամիջոցները։
Իսկ Եվրոպա՞ն
Եվրոպայում ռուսական նավթից ու գազից կախվածությունը շատ ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում՝ նավթի մոտ 25%-ը և գազի 40%-ը, նշում Է ABC News-ը: Նավթ կարելի է ձեռք բերել այլ երկրներից, բայց՝ փոխադրման դիմաց գնի ավելացումով։ Իսկ եթե խոսենք գազի մասին, ապա այն պետք է փոխարինել հեղուկացված գազով։ Դրա անհրաժեշտ ծավալները շուկայում կան, բայց փոխանցող հզորությունները բավարար չեն։ Անհրաժեշտ կլինի ընդլայնել և՛ նավահանգիստներում գազի տերմինալները, և՛ գազատարները, որոնք դուրս են գալիս տերմինալներից և խորանում մայրցամաքում։ Դրա համար միլիարդավոր դոլարներ են հարկավոր։
ԱՄՆ-ից հեղուկացված գազի արտահանման շուրջ 2/3-ը բաժին է ընկնում Եվրոպային (S&P Global Platts-ի տվյալներով), բայց ԱՄՆ-ի արտահանման հզորությունները ևս ամբողջական ծանրաբեռնվածությամբ են աշխատում, և դրանց ընդլայնումը նույնպես ժամանակ և միլիարդավոր դոլարներ կպահանջի:
Ընդհանուր առմամբ, տնտեսագետների գնահատմամբ, գները ԱՄՆ-ում կաճեն ոչ այնքան այն պատճառով, որ երկրում նավթը չի բավականացի, որքան այն, որ ամբողջ աշխարհում կաճի դրա գինը (այդ թվում՝ հենց Նահանգներում գտնվող նավթավերամշակման գործարանների համար): Այդ պատճառով էլ վերլուծաբանները համակարծիք են, որ շուկային նավթի այլընտրանքային աղբյուրներ են հարկավոր․ իբրև այդպիսին նշում են ոչ միայն Վենեսուելան, այլև նույնիսկ Իրանը։