ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում, Քաջարան, Գորիս քաղաքներում, Լոռու մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի, Թալինի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների, Գյումրի-Բավրա, Ալյագյազ-Արթիկ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: