«Բուռնութի՞ն էլ է մտնելու ծխախոտային սահմանափակումների մեջ». Վարդանյանը` Նանուշյանին

Աղվան Վարդանյան. Արխիվային լուսանկար
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ կրկին ծխախոտային օրենքում փոփոխություն կատարելու հարցն է քննարկվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ազգային ժողովում արտահերթ նիստ է, որի ժամանակ քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
Առաջարկվում է ավելի հստակեցնել, թե որոնք են համարվում ծխախոտային փոխարինիչներ։
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հայտնեց, որ վերջին շրջանում ՀՀ շուկայում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ։
«Շուկայում ընդամենը վերջերս է նոր արտադրատեսակ ի հայտ եկել և սկսել ներկրվել Հայաստան։ Հարցն այն է, որ 2022-ի մարտի 15-ից ուժի մեջ է մտնում հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը, և եթե այս փոփոխությունը չարվի, մի շարք արտադրատեսակներ չեն մտնի օրենքի դաշտ»,–ասաց Նանուշյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք մեր տատերի ասած բուռնութին էլ է մտնելու սահմանափակումների մեջ։ Ի պատասխան Նանուշյանն անկեղծացավ` ասելով, թե չգիտի` ինչի մասին է խոսքը։ Նանուշյանը հավելեց, որ սահմանափակումները վերաբերելու են ծխախոտատահումք և նիկոտին պարունակող արտադրատեսակներին։
Հիշեցնենք, որ մարտի 15-ից ծխելը կարգելվի հանրային սննդի և՛ բաց, և՛ փակ տարածքներում։ Ավելին, արդեն իսկ ուժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրման արգելքը։