ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Արցախում մարտի 8-ի գիշերը վթարված գազատարի աշխատանքների վերականգնման ուղղությամբ դեռ աշխատանքներ չեն տարվում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Ստեփանակերտում ենթադրում են, որ վթարը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի «ձեռքով»։
«Ներկայում որևէ աշխատանք չի իրականացվում այս ուղղությամբ: Քայլեր են ձեռնարկվում և պայմաններ են ստեղծվում այդ ուղղությամբ։ Պատճառների մասին էլ որևէ բան ասել չենք կարող, մինչև մասնագետները տեղում չսկսեն աշխատել»,- ասաց Ավանեսյանը:
Միևնույն ժամանակ Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը նշեց, որ գազատարի այն հատվածը, որտեղից գազի արտահոսք կա, գտնվում է ադրբեջանական կողմի հսկողության տակ։
«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերն այդ տարածքում ականազերծման, հետախուզական աշխատանքներ կատարեն։ Արդեն 2 օր է` մեր սակրավորները գնում են այդտեղ` Շուշիից դեպի Լիսագոր ընկած հատված։ Այս քայլերից հետո դեռ չգիտեմ` վերականգնողական աշխատանքները երբ կիրականացվեն»,– ասաց Թադևոսյանը։
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբից նույնպես հաստատել են, որ գազատարը վերանորոգելու ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` այս պահին բանակցություններ են տարվում ադրբեջանական կողմի հետ` խնդրին լուծում տալու համար։