ՌԱԴԻՈ

Ամեն տեղ կարմիր գծեր են, մի տեղ ուշադրությունդ թուլանա` ճակատագրական կլինի․ Դավիթ Բաբայան

Արցախի արտգործնախարարը մեկնաբանում է Ադրբեջանի վերջին սադրանքները ռուս–ուկրաինական հակամարտության համատեքստում։
Sputnik
Ադրբեջանի պահվածքի պատճառը մեկն է՝ թշնամություն, ատելություն Արցախի, հայության և Ռուսաստանի դեմ։ Սա է պատճառը, որ սադրանքների է դիմում, խախտում է մարդկային հասարակ նորմերն ու միջազգային իրավունքը։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում այսպես մեկնաբանեց Ադրբեջանի վերջին սադրանքներն ու դրանց հավանական կապը Ուկրաինայի իրադարձությունների հետ։
Հարցին` այն, որ Ռուսաստանի ուշադրությունը շեղվում է դեպի Ուկրաինա, չի՞ նպաստում Ադրբեջանի սադրանքներին, Բաբայանն ասաց՝ Ռուսաստանն ընդհակառակը` սահմաններին տիրող իրավիճակին է՛լ ավելի մեծ ուշադրություն է դարձնում այսպիսի ճգնաժամային պահերին։

«Հիմա ամեն տեղ կարմիր գծեր են, մի տեղ ուշադրությունդ թուլացնես` կարող է ճակատագրական լինել։ Ուկրաինայի դեպքերը կարող են միայն առիթ լինել Ադրբեջանի գործողությունների, բայց ոչ պատճառ»,- նշեց նա։

Խոսելով այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև Ուկրաինայի իրադարձությունների պատճառով առաջացած լարվածության մասին` Արցախի արտգործնախարարն ասաց, որ տարբեր համանախագահող երկրների միջև պարբերաբար լինում է լարված իրավիճակ, բայց այնպես է ստացվել, որ Արցախյան հակամարտությունը միակ գոտին է, որտեղ նրանք, անկախ բոլոր տարաձայնություններից, միշտ համագործակցել են։
«Դրա համար հույս ունենք՝ իրենց հակասություններն այս անգամ նույնպես էական ազդեցություն չեն թողնի այս ձևաչափի վրա»,- եզրափակեց Բաբայանը։
Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է նաև ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Այդտեղ տեղակայված դիրքերից թշնամին կրակել է` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։