Ադրբեջանը կրակել է սահմանի արևմտյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ

Երասխ. Արխիվային լուսանկար
Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Այսօր, ժամը 13։10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է»,–ասված է հայտարարության մեջ։
Այսօր ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը նաև ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Այդտեղ տեղակայված դիրքերից թշնամին կրակել է` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։