Ադրբեջանական զինուժն ականանետից կրակոցներ է արձակել Արցախի Խնուշինակ գյուղի ուղղությամբ

Մարտունի. Թաղավարտ. Արխիվային լուսանկար
Արցախի պաշտպանության բանակը խոստանում է առաջիկայում հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ադրբեջանական զինուժը ականանետից կրակոցներ է արձակել Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։
Այս մասին լուրերը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Արցախի Պաշտպանության բանակից։ Ներկա պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ ՊԲ–ն խոստանում է առաջիկայում հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։
Մինչ այդ Մարտունիից հայտնեցին, որ կրակոցները Մարտունի քաղաքի ուղղությամբ չեն եղել, այլ հարակից` Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Գյուղից էլ մեզ հայտնեցին, որ կրակոցները եղել են գյուղի խաղողի այգիների ուղղությամբ, տեղում հայտնաբերվել է 4 արկ։
Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, որ ադրբեջանական զինուժը ականանետից 5-6 կրակոց է արձակել Արցախի Մարտունի քաղաքի ուղղությամբ։
Այսօր Արցախի ՊԲ–ն հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։