Երևանի փողոցների մաքրությամբ զբաղվում են շուրջ 300 աշխատողներ, որոնց գրեթե կեսը կանայք են։ Այս գործում բոլորը հավասար են. նրանք տղամարդկանց հետ հավասար ամեն առավոտ, ձյան ու սառնամանիքների ժամանակ, շոգին ու անձրևին մաքրություն են անում մայրաքաղաքի փողոցներում։
Կանայք խոստովանում են, որ չեն կարող փողոց մաքրելը երազանքի աշխատանք անվանել. ցախավելի ու ոչ ադեկվատ բնակիչների կոպիտ խոսքերի մասին ոչ ոք չի երազում։ Սակայն սա, ըստ նրանց, գումար վաստակելու վատ տարբերակ չէ։ Հատկապես, եթե ընտանիքի բարեկեցության հարց կա։
Հավաքարարների աշխատանքային օրը սկսվում է առավոտյան ժամը 04։00-ին կամ 05։00-ին՝ կախված տարվա եղանակից և եղանակային պայմաններից։ Այդ ժամին հավաքարարները մոտենում են համայնքապետարանների մոտ գտնվող հավաքատեղիին, քննարկում են աշխատանքի ծրագիրն ու ցրվում իրենց տեղերով: Ավելն ամեն օր փոխվում է, ու նրանք այնքան եմ հմտացել, որ ինքնուրույն են դրանք պատրաստում։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նրանցից մեկն ասաց, որ ինքնաշեն ավելով աշխատելն ավելի արագ ու ավելի հարմար է։
Երբ փողոցը քո տունն է
83-ամյա Տանյա Աղաջանյանը մեծ ստաժ ունի ու բոլոր 300 աշխատակիցներից ամենատարեցն է, առանց աշխատանքի իրեն չի պատկերացնում։ Նայելով այդ փխրուն կնոջը` միանգամից չես հավատա, որ նրա մեջ այնքան ուժ ու եռանդ կա, որ թույլ են տալիս փողոց մաքրել։
Տանյան ծնվել է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում։ Դպրոցից հետո հաշվապահական դասընթացներ է ավարտել, այնուհետև հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ)։ Երևանում ընտանիք է ստեղծել։
«Մասնագիտությամբ մանկավարժ եմ, բայց դպրոցում ընդամենը երկու տարի եմ աշխատել։ Ամուսինս դեմ էր, որ ամեն օր գնացքով Չարենցավան գնամ–գնամ», - պատմեց տարեց կինը՝ ավելացնելով, որ կարիքն է ստիպել, որ ավելը ձեռքը վերցնի։
Նրա պատասխանատվության գոտին Սայաթ-Նովա կենտրոնական փողոցն է, իսկ եթե ժամանակ է մնում` սկսում է նաև Թումանյան փողոցը մաքրել։
Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպության աշխատակից Տանյա Աղաջանյան
© Sputnik / Aram Nersesyan
Տատիկը պատմում է, որ սկզբում նեղանում էր որոշ քաղաքացիների կոպիտ արձագանքից, երբ հանկարծ ավելից փոշի էր բարձրանում։ Այժմ նա փորձում է հումորով վերաբերվել դրան և այնպես անել, որ ավելորդ խոսակցություններ չլինեն։
Ամենադժվարն անձրևի ու ձյան տակ աշխատելն է, իսկ մնացած օրերին աշխատանքը սիրտը թեթևացնելու միակ տարբերակն է: Ընտանիքի մասին հարցը լսելիս Տանյա տատիկը հուզվեց, խնդրեց ոչինչ չհարցնել, բարի օր մաղթեց ու շարունակեց ավլել:
Մեր մյուս զրուցակիցը՝ 35-ամյա Ա.-ն, ամենաերիտասարդ հավաքարարներից է։ Նա ցանկացավ անանուն մնալ, բայց ասաց, որ ունի ընտանիք, երեխաներ, իսկ ավագ որդին այս տարի արդեն բուհ է ընդունվել։ Ա.-ն արդեն ավելի քան 13 տարի է աշխատում այս ոլորտում և այդ աշխատանքը շատ հարմար է համարում երեխաներ ունեցողների համար։
«Լույսը չբացված` գործի ես գնում, աշխատում ես հասանելիք ժամերը, վերադառնում ես տուն, իսկ օրը դեռ առջևում է», - ասաց նա:
Սակայն, իհարկե, լավ կյանքից չէ, որ հավաքարար է դարձել։ Վարսահարդարի կամ մեկ այլ մասնագիտության կրթություն ստանալու գումար չկար։
Երևանը հարազատ չէ, բայց դարձել է սիրելի
Մայրաքաղաքում աշխատանքի են տեղավորվել նաև 54-ամյա Թագուշ Մեջլումյանը և 57-ամյա Թերեզա Մհերյանը: Կանայք Չարենցավանից ամեն օր մայրաքաղաք են գալիս։ Քնի պակասի կամ այլ խնդիրների հետ կապված դժվարություններից չեն բողոքում։ Նրանց դուր է գալիս իրենց զբաղմունքը, չնայած նրանք էլ են սոցիալական ծանր վիճակի և փողի կարիքի պատճառով հավաքարար դարձել։
Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպության աշխատակից Թաղուշ Մեջլումյան
© Sputnik / Aram Nersesyan
«Սովոր ենք շուտ արթնանալ, աշխատել տարվա ցանկացած եղանակին ու ցանկացած եղանակային պայմաններում», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց Մհերյանը:
Ինչ վերաբերում է տարվա եղանակին, ապա ավելի հեշտ է աշխատել ամռանը, ավելի բարդ է մերկասառույցի և առատ տերևաթափի շրջանում, ասում են նրանք, ում ուսերին դրված է մեր սիրելի մայրաքաղաքի մաքրության հոգսը։
Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպության աշխատակից Թագուշ Մեջլումյան
© Sputnik / Aram Nersesyan
Մհերյանը մի զավեշտալի պատմություն պատմեց։ Ասում է`մի անգամ վաղ առավոտյան մաքրում էր Բաղրամյան պողոտան ու սև մեծ տոպրակ գտավ։ Վախենալով, որ այնտեղ կարող է դիակ լինել, ոստիկանություն կանչեց։ Իսկ երբ տոպրակը բացեցին, պարզվեց, որ այնտեղ ինչ-որ սրտացավ քաղաքացու հավաքած տերևներ էին։
Իսկ ահա 58-ամյա Ուրմիկ Ենգեյանը ուրախ պատմություն չի հիշում։ Կինը երկու անգամ աշխատանքի ժամանակ մեքենայի տակ է ընկել։ Երկարատև բուժումից հետո կարողանում է քայլել ու աշխատել, բայց ստիպված է երեք ամիսը մեկ ծնկի հոդերի համար սրսկումներ ստանալ:
Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպության աշխատակից Ուրմիկ Ենգեյան
© Sputnik / Aram Nersesyan
Ուրմիկը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում, ուր մի քանի տասնյակ տարի առաջ նրա ծնողները տեղափոխվել էին Հունաստանից։ 16 տարեկանում ամուսնացել է, 1994 թվականից որպես հավաքարար է աշխատում։ Դիմել է այդ քայլին ընտանիքը պահելու համար։
Ենգեյանը կարծում է, որ ամենադժվարը տերևաթափի ժամանակ աշխատելն է, երբ հազիվ ես հասցնում քաղաքը մաքրել ու ստիպված ես ծանր պարկերը քարշ տալ։
«Սա իմ տունն է, չեմ կարող կիսով չափ մաքուր թողնել, այդ պատճառով փորձում եմ, ինչպես և իմ գործընկերները, շատ մանրակրկիտ մաքրել ամեն մի փողոցը», — նշում է Ենգեյանը:
Ուրմիկը երբեմն նեղանում է այն մարդկանց վերաբերմունքից, որոնք չեն հարգում նրա մասնագիտությունը և կարծում են, որ քաղաքի մաքրությամբ զբաղվող մարդիկ պարտավոր են իրենց տան աղբն էլ հանել։
Աշխատանքը գայլ է
Երևանում մոտ 300 հավաքարար է գրանցված, սակայն քաղաքային իշխանությունը նախատեսում է նրանց թիվը համալրել ևս 200-ով։ Յուրաքանչյուրի «մաքուր» աշխատավարձը 150 հազար դրամ է։ Համապատասխան որոշումը կայացվել է մի քանի շաբաթ առաջ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի ղեկավար Բագրատ Աղաջանյանն ասաց, որ դա կարևոր քայլ է, քանի որ մայրաքաղաքում հավաքարարների պակասը շատ լուրջ խնդիր է։
«Քաղաքի լիարժեք մաքրման համար՝ բոլոր փակուղիներով, փոքր ու մեծ փողոցներով, բակերով, առնվազն 1540 մարդ է անհրաժեշտ», - ասաց Աղաջանյանը:
մ Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի ղեկավար Բագրատ Աղաջանյան
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով՝ միայն «Կենտրոն» վարչական շրջանում 29 աշխատակից է փողոցների մաքրման աշխատանքներով զբաղվում։ Նրանք հիմնականում հետևում են Մաշտոցի պողոտայի, Բաղրամյան պողոտայի, դրանց հարակից փողոցների՝ Դեմիրճյան, Սիլվա Կապուտիկյան, ինչպես նաև Չարենցի, Նար-Դոսի, Սայաթ-Նովայի, Թումանյան, Աբովյան փողոցների մաքրությանը։
Համայնքապետարանի հավաքարարների խմբերից յուրաքանչյուրի ղեկավարը հետևում է, որ աշխատակիցները լավ կատարեն իրենց աշխատանքը։ Հարցին, թե ինչ չափանիշներով կարելի է հասկանալ՝ ինչ որակով է կատարվել աշխատանքը, Աղաջանյանը նշում է, որ իրենց «աչքն արդեն սովոր է»։
Նրա խոսքով` փողոցների աղտոտման հիմնական պատճառը հենց մարդիկ են, իսկ աշխատանքի ծանրության աստիճանը կախված է եղանակային պայմաններից։
Շատ հաճախ հավաքարարների աշխատանքին խանգարում են առաջին (կարմիր) գծերի վրա կայանված մեքենաները։
Աղաջանյանը կոչ արեց երևանցիներին սիրել իրենց քաղաքն ու հարգել քաղաքի մասին հոգ տանող մարդկանց աշխատանքը։