Վենդետա Երևանում. փորձել են սպանել քրեական հեղինակությանը

Մակարովի ատրճանակ. Արխիվային լուսանկար
Կայքի տվյալներով, վիրավորը Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Ներսիսյանն է, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «Զոն նայող Անդուլիկ»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Մարտի 7-ին, կեսգիշերին մոտ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 115 շենքի բակում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ քաղաքացի։
Shamshyan.com կայքի տվյալներով, վիրավորը Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Ներսիսյանն է, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «Զոն նայող Անդուլիկ»։ Ըստ կայքի, վերջինը դատապարտված է եղել սպանության համար, և 2 ամիս առաջ է դուրս եկել ՔԿՀ–ից։ Վարկած կա, որ կատարվածը վենդետա է։
Նշվում է, որ բժիշկներին հաջողվել է փրկել վիրավորի կյանքը, բայց նա ի վիճակի չի եղել ցուցմունք տալ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 8 պարկուճ և 5 գնդակ։ Շենքի շքամուտքի դիմաց հայտնաբերվել է Mercedes մակնիշի կայանված ավտոմեքենա, որի դիմապակին վնասվել է կրակոցներից։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է կրակված գնդակ։
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ և ապօրինի զենք– զինամթերք) ։