Վարչապետը շնորհավորել է կանանց մարտի 8-ի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Նրա դիտարկմամբ, մարտի 8-ի խորհուրդն առանձնապես կարևորվում է կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով շնորհավորել է կանանց` մաղթելով ընտանեկան ջերմություն, բարեկեցություն, երջանկություն, լավատեսություն, մասնագիտական հաջողություններ ու նորանոր նախաձեռնություններ:
«Ձեր հոգատարության, իմաստության ու համբերատարության շնորհիվ դարեր ի վեր պահում ու պահպանում եք մեր ընտանիքների ամրությունը, դաստիարակում առաջին հերթին հայրենասեր զավակներ: Ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումն է նպաստում ազգային ավանդույթների պահպանությանն ու ամրապնդմանը»,– նշում է վարչապետը տոնական ուղերձում:
Նրա դիտարկմամբ, մարտի 8-ի խորհուրդն առանձնապես կարևորվում է կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Փաշինյանն ընդգծում է, որ կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցության ապահովումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։
«Պատահական չէ, որ պետական կառավարման համակարգի բարձր օղակներում, նաև ուժային կառույցներում, հասարակական կյանքի պահպանման ոլորտում այսօր հաջող գործունեություն են ծավալում բազմաթիվ կանայք»,– փաստում է վարչապետը` հույս հայտնելով, որ նրանց թիվը գնալով ավելի կմեծանա։