Shell ընկերությունը փակում է բենզալցակայաններն ու հեռանում ՌԴ-ից

Փետրվարի 28-ին Shell ընկերությունը հայտարարել է «Գազպրոմի» և «Գազպրոմ նեֆտի» հետ համատեղ ձեռնարկություններից դուրս գալու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Բրիտանա-նիդեռլանդական Shell-ը մտադիր է հրաժարվել Ռուսաստանում նավթագազային բոլոր նախագծերին մասնակցելուց: Որպես առաջին քայլ՝ ընկերությունը կդադարեցնի ռուսական նավթի գնումները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը։
«Shell-ն այսօր հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել ռուսական բոլոր ածխաջրածնային նախագծերին մասնակցելուց՝ ներառյալ նավթը, նավթամթերքները, գազը և հեղուկացված բնական գազը` փուլ առ փուլ` կառավարության նոր ցուցումներին համապատասխան: Որպես առաջին անհապաղ քայլ՝ ընկերությունը կդադարեցնի ռուսական նավթի գնումները»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։
Shell-ը փետրվարի 28-ին հայտարարել է «Գազպրոմի» և «Գազպրոմ նեֆտի», այդ թվում՝ «Սախալին-2»–ի, «Ենիսեյի» և «Սալիմ Պետրոլեումի» հետ համատեղ ձեռնարկություններից դուրս գալու որոշման, ինչպես նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարին մասնակցությունը դադարեցնելու մասին։ Որոշման պատճառը Ուկրաինայում ստեղծված իրավիճակն է։
Shell-ը նաև հայտնել է, որ փակելու է ՌԴ–ում իր բոլոր բենզալցակայանները։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն, որոնց ճանաչման մասին որոշումը Մոսկվան կայացրել էր փետրվարի 21-ին, օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Փետրվարի 22-ից Արևմուտքը տարբեր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ–ի նկատմամբ։