ՌԴ–ն համաձայն է Անթալիայում հանդիպել, հարցն ուկրաինական կողմի դիրքորոշման մեջ է. Զախարովա

Մարիա Զախարովան նշել է, որ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ուկրաինական կողմը որքանով պատրաստ կլինի որևէ առարկայական խոսակցության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ռուսաստանը համաձայնել է ՌԴ–ի, Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումն Անթալիայում անցկացնելու առաջարկին, և այստեղ հարցն ուկրաինական կողմի տրամադրվածության մեջ է։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան @SolovievLive Youtube-ի ալիքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` թուրքական կողմն է նման առաջարկությամբ հանդես եկել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Դուք գիտեք մեր հայեցակարգը, ինչպես նաև բանակցություններին պատրաստ լինելը, և այստեղ հարցը միայն այն կողմն է (ուկրաինական), որքանով այդ կողմը սկզբունքորեն ադեկվատ կլինի` բառի բոլոր իմաստներով»,-ասել է նա:
Զախարովան շեշտել է, որ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե որքանով ուկրաինական կողմը պատրաստ կլինի որևէ առարկայական խոսակցության, կամ էլ, առհասարակ, խոսակցության։
Զախարովան ասել է նաև, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբի հանդիպումը կայանալու է մարտի 10-ին` Անատոլիական դիվանագիտական համաժողովի ժամանակ։ Միաժամանակ, ՌԴ ԱԳ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ մինչ այդ պահը Կուլեբին ուժայինները չեն սպանի։

«Ինչպես տեսնում ենք` արդեն իսկ քաղաքապետներին են սպանում այն պատճառով, որ նրանք հումանիտար միջանցքներ են ստեղծում և այլն։ Ուզում եմ հույս տածել, որ ամեն դեպքում ամեն օր չեն սպանի նրանց, ովքեր պետք է բանակցություններին ներկայացնեն ուկրաինական կողմը»,–ասել է Զախարովան։

Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։