ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ռուսաստանի օդուժի կործանիչի կողմից վերջին մեկ օրում օդում խփվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի 2 ՄիԳ-29 և 1 Սու-27 ինքնաթիռ։
Այս մասին հայտարարվել է ՌԴ պաշտպանության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա հայտնել է նաև, որ ՌԴ զինված ուժերը բարձր ճշգրտության զենքով շարքից հանել են Ժիտոմիրի շրջանում գտնվող օդանավակայանը։ Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի օդուժի ռմբակոծման և գրոհային ավիացիայի կողմից Ուկրաինայի տարածքում ոչնչացվել է 158 ռազմական օբյեկտ։
Կոնաշենկովն ընդգծել է` հատուկ գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ընդհանուր առմամբ ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2 482 օբյեկտ։
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերը շարժվել են 9 կմ առաջ և ազատագրել 8 բնակավայր, իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերը վերահսկողության տակ են վերցրել Մարիուպոլի Օսավիահիմ թաղամասը։
ՌԴ ՊՆ-ն շեշտել է, որ ռուսական կողմը ժամը 10:00-ից լռության ռեժիմ է սահմանել, բացվել են հումանիտար միջանցքներ Կիևից, Չերնիգովից, Սումից, Խարկովից և Մարիուպոլից:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Կոնաշենկովը հայտնել էր, որ մեկ օրվա ընթացքում ԼԺՀ զորքերի խմբավորումը ևս վեց կիլոմետր առաջ է շարժվել և վերահսկողության տակ վերցրել յոթ բնակավայր՝ Սմոլյանինովո, Վոյեվոդովկա, Կրեմեննայա, Կուդրյաշովկա, Բորովենկի, Պուրդովկա, Զամուլովկա:
ԴԺՀ զորքերն իրենց հերթին վերահսկողություն են հաստատել Ազով, Նովոտատարովկա, Միրնոյե բնակավայրերի նկատմամբ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։