ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Ռուսաստանի զինված ուժերը ռազմական հատուկ գործողության սկսվելուց ի վեր ոչնչացրել է Ուկրաինայի գրեթե 2,6 հազար ռազմական օբյեկտ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Գործողության ընթացքում, ընդհանուր առմամբ, ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2581 օբյեկտ։ Դրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի կառավարման 90 կետ և կապի հանգույցներ, ՀՕՊ Ս-300 123 զենիթահրթիռային համալիրներ, «Բուկ Մ-1» և «Օսա», ինչպես նաև 81 ռադիոլոկացիոն կայան», - ասել է գեներալը:
Կոնաշենկովը հավելել է, որ ոչնչացվել են նաև 897 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 95 ռեակտիվ համակարգեր, դաշտային հրետանու և ականանետերի 336 հրանոթներ, ռազմական հատուկ ավտոմոբիլային տեխնիկա, ինչպես նաև 84 անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։