McDonald's-ը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում

Տնօրենը որոշել է, որ ընկերությունը կշարունակի վճարել ավելի քան 62 000 ռուսաստանցի աշխատակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. McDonald's արագ սննդի ցանցը ժամանակավորապես կփակի իր 850 ռեստորանները Ռուսաստանում: Տեղեկությունը հայտնում է Bloomberg–ը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր տնօրեն Քրիս Քեմփչինսկիին։

Ըստ հաղորդագրության` նա իր աշխատակիցներին ուղղված նամակում գրել է, որ ցանցը կդադարեցնի բոլոր գործողությունները Ռուսաստանում, բայց կշարունակի վճարել ավելի քան 62 000 ռուսաստանցի աշխատակիցներին:

Նշենք, որ վերջին օրերին արագ սննդի հսկան քննադատության էր ենթարկվում այն բանի համար, որ «լռում» էր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ հաշվի առնելով նրա համեմատաբար մեծ ներկայությունը Ռուսաստանում։
ՌԴ–ում և Ուկրաինայում McDonald's-ի ռեստորաններին բաժին է ընկնում ընդհանուր համակարգի վաճառքների 2 տոկոսը, հասույթի մոտավորապես 9 տոկոսը և գործառնական շահույթի 3 տոկոսը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։