ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՄԱԿ-ն իր աշխատակիցներին արգելել է Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված Ռուսաստանի գործողությունը «պատերազմ» կամ «ներխուժում» անվանել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Irish Times-ին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ՄԱԿ-ի աշխատակիցները հրահանգ են ստացել ռազմական գործողությունը նկարագրելու համար օգտագործել «հակամարտություն», «ռազմական հարձակում» կամ նմանատիպ եզրույթներ: Նշվում է, որ համապատասխան հրահանգը եղել է էլեկտրոնային նամակում, որը մարտի 7-ին ուղարկել է ՄԱԿ-ի հաղորդակցությունների բաժինը։
Բացի այդ, ՄԱԿ աշխատակիցներին հրահանգել են սոցցանցերում կամ կայքերում Ուկրաինական դրոշ չտեղադրել։
Ավելի ուշ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, թե ՄԱԿ-ն իր աշխատակիցներին չի արգելել որևէ բառ օգտագործել Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ։ Խոսքն այն մասին է, որ ցանկացած հայտարարություն համապատասխանի ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշմանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։