Մադուրոն ուկրաինական հակամարտության պատասխանատվությունը դրել է Արևմուտքի վրա

Այս հայտարարությունը հատկապես հետաքրքիր է ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության` Կարակաս կատարած այցի համատեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրան, հակառակ Արևմուտքի սպասումներին, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ողջ պատասխանատվությունը դրել է հենց նրանց վրա։
«Նրանք, ովքեր հրահրել են այս հակամարտությունը, որոնք տասնամյակներ շարունակ չեն կատարել պայմանավորվածությունները, տասնյակ տարիներ սպառնացել են Ռուսաստանին, տասնյակ տարիներ նախապատրաստել են ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերը, առաջին պատասխանատուն են դեէսկալացիայի ու հակամարտող կողմերի՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների ու համաձայնությունների բարենպաստ սցենարներ գտնելու հարցում»,- ասել է Վենեսուելայի նախագահը հեռուստատեսային իր ելույթում։
Այս հայտարարությունը հատկապես հետաքրքիր է մարտի 6-ին ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության` Կարակաս կատարած այցի համատեքստում։
Մեկնաբանների դիտարկմամբ` այս այցով Բայդենի վարչակազմը փորձում էր խորացնել Ռուսաստանի մեկուսացումը նաև լատինաամերիկյան տարածաշրջանի երկրներում։
Ըստ մեկնաբանների` Միացյալ Նահանգները նաև մտադիր է ռուսական նավթի ներմուծման արգելքի դեպքում այն փոխարինել վենեսուելական նավթով։
Միացյալ Նահանգները Վենեսուելայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2019 թվականին՝ այդ երկրից հետ կանչելով իր դիվանագետնրին ու նախագահ Մադուրոյին մեղադրելով ավտորիտար առաջնորդ լինելու ու ընտրակեղծիքների մեջ, ինչպես նաև ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին Վենեսուելայի օրինական նախագահ ճանաչելով։
Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանում Պուտինի նկատմամբ և ոչ միայն
Բացի այդ, Թրամփի վարչակազմը նաև էմբարգո հայտարարեց Վենեսուելայի նավթի արտահանման հանդեպ ու պատժամիջոցներ կիրառեց երկրի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
Վենեսուելայի նախագահը պատժամիջոցներին արձագանքել էր` ՌԴ–ից, Իրանից ու Չինաստանից տնտեսական ու դիվանագիտական օգնություն խնդրելով։
Հիմա, փաստորեն, ԱՄՆ–ն փորձում է ՌԴ–ին զրկել լատինաամերիկյան դաշնակիցներից, ինչը, դատելով Վենեսուելայի նախագահի ելույթի բովանդակությունից, Բայդենին չի հաջողվել իրականացնել։
Հիշեցնենք, որ Վենեսուելան, Նիկարագուան և Կուբան ձեռնպահ էին մնացել ՄԱԿ-ում Ռուսաստանի դեմ դատապարտող երկու բանաձևերի քվեարկության ժամանակ։ Բացի այդ` Վենեսուելայի և Կուբայի առաջնորդները կոչ էին արել ճգնաժամին դիվանագիտական լուծում տալ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 13–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։