ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Moody's վարկանիշային գործակալությունը հերթական զեկույցն է հրապարակել` գնահատելով ռուս–ուկրաինական հակմարտության հնարավոր ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։
Ինչպես հայտնում է ռուսական РБК-ն, զեկույցում նշվում է, որ Ուկրաինայում մարտական գործողություններն ու ՌԴ–ի դեմ կիրառված պատժամիջոցներն արդեն հանգեցրել են էներգակիրների և գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացման։ Գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային արտահանման շուրջ 25%-ը:
Զեկույցում նշվում է, որ թեև հացահատիկի համաշխարհային գներն արդեն կտրուկ բարձրացել են, բայց պայմանավորված այն հանգամանքով, որ ռազմական գործողությունները տեղի են ունենում ձմռանը և ոչ թե բերքահավաքի ժամանակ, մատակարարումների վրա դրանց ազդեցությունը դեռ այնքան էլ լուրջ չէ։
«ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները լուրջ ռիսկեր են առաջացրել համաշխարհային տնտեսության հեռանկարների համար»,– ասված է զեկույցում։
Moody's-ը նաև արձանագրում է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ապրանքների գները կտրուկ աճել են, և եթե գները մնան այդ մակարդակում, դա սպառնում է էլ ավելի արագացնել գնաճը:
Տնտեսական մեկնաբանության համաձայն, օրինակ` եգիպտացորենի թանկացումը կհանգեցնի կենդանական կերերի, իսկ դրա հետանքով` մսի ինքնարժեքի բարձրացմանը։ Թանկանում է նաև սոյան, որի առաջատար արտադրողն աշխարհում Ռուսաստանն է։ Կանխատեսվում է նաև պարարտանյութերի արժեքի կտրուկ բարձրացում։
«Սննդամթերքի գների բարձրացումը կնվազեցնի սպառողների գնողունակությունը, ինչը կարող է սրել սոցիալական լարվածությունը որոշ երկրներում»,- զգուշացնում է Moody's-ը:
Վերլուծական գործակալության մասնագետները բացասական ազդեցություն են կանխատեսում նաև համաշխարհային ավտոարդյունաբերության ոլորտում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն, որոնց ճանաչման մասին որոշումը Մոսկվան կայացրել էր փետրվարի 21-ին, օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Փետրվարի 22-ից Արևմուտքը տարբեր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ։