ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Ուկրաինացիների` Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Մոլդովա և Ռումինիա փախչելու փորձերն ուղեկցվում են տեղի քրեական աշխարհի ներկայացուցիչների կողմից բռնությամբ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Գրանցվել են ուկրաինացի փախստականների և օտարերկրյա քաղաքացիների հանդեպ ֆիզիկական բռնության, կողոպուտի, ավազակության դեպքեր քրեական աշխարհի ներկայացուցիչների կողմից, որոնք, բացի այդ ամենից, սահմանի հատումն անարգել կազմակերպելու համար պահանջում են վճարել 1,5 հազար ԱՄՆ դոլար»,- հայտնել է Միզենցևը։
Նրա խոսքով՝ Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Մոլդովայի և Ռումինիայի տարածքում գտնվող անցակետերը, ընդհանուր առմամբ, գրեթե պատրաստ չեն եղել ընդունել ուկրաինացի փախստականներին, որոնք փորձում են պաշտպանություն գտնել ահաբեկչության դեմ, որը կազմակերպել են տարածքային պաշտպանության գումարտակները: Միզինցևն ասել է, որ սահմանային անցակետերում մարդատար և բեռնատար ավտոմեքենաների կուտակումներ են:
«Մարդիկ ստիպված թողնում են տրանսպորտը և ոտքով քայլում ծանր պայուսակներով։ Հերթերը մինչև 40 կիլոմետրի են հասնում, իսկ անցնելու ժամանակը գերազանցում է երկու օրը: Ընդ որում` անցակետերում չկան զուգարաններ, ջուր, սնունդ, բացակայում են ջերմանալու կետերը և բժշկական օգնությունը։ Մարդիկ, որոնցից շատերը երեխաներ ու կանայք են, ստիպված են օրերով դրսում մնալ 0-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում», - հավելել է նա։
Միզինցևի խոսքով՝ կոռումպացված սահմանապահներն առաջարկում են 5000 հազար դոլար կաշառքի դիմաց հատել Լեհաստանի սահմանը, որտեղ 18-60 տարեկան ուկրաինացի տղամարդիկ չեն կարող մուտք գործել առանց զինկոմիսարիատից ստացած թույլտվության։
Սահմանն անցնելուց հետո փախստականները բախվում են բազմաթիվ խնդիրների, որոնք կապված են բնակեցման և հանգստի տարրական պայմանների բացակայության հետ։ Սահմանակից պետություններում նրանց մնալու համար նախատեսված են վրանային ճամբարներ՝ առանց համապատասխան հարմարությունների։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։