ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Շուշիի շրջանի հատվածում ՀՀ-ից Արցախ գազամատակարարման խափանման պատճառները ստուգվում են ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԱԾ–ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը: Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը:
«ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը նույնպես միջոցներ է ձեռնարկում խափանման պատճառները պարզելու, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հնարավոր դիվերսիոն կամ վնասարար դրսևորումները և հանցավոր արարքները վեր հանելու ուղղությամբ: Այս պահին ԱՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում դեպքի վայր ժամանելու և այն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով հետազոտելու համար, որից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ այդ թվում գազամատակարարման խափանման իրական պատճառների վերաբերյալ»,– նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը պատասխանատվություն է կրում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով դեպքի վայրի հարակից տարածք ներկայացած մատակարար կազմակերպության և իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի ու անվտանգության համար: Բավարար տեղեկություններ և ապացույցներ ամրագրելուց հետո ծառայությունը հանրությանը լիարժեք տեղեկություն կտրամադրի դեպքի հանգամանքների վերաբերյալ: