Երևանում կրակել են «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանի սեփականատիրոջ վրա

Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Երևանում կրակոցներ են հնչել, որի հետևանքով «Մալխաս ջազ» ակումբի և «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատեր, 50-ամյա Արսեն Սարգսյանը վիրավոր է։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ մարտի 7–ին, ժամը 02։10-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Վենդետա Երևանում. փորձել են սպանել քրեական հեղինակությանը
Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան փողոցի 31 շենքի բակում։
Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և 2 հատ կրակված պարկուճ։
Կայքի տեղեկություններով` վիրավորը քրեական աշխարհում հայտնի ու մեծ հեղինակություն ունեցած, «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի սանիկն է։