Դա Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական կեղծիքն է. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել ադրբեջանական դիրքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 7-ին` ժամը 18։45-ի սահմաններում, գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հերթական կեղծիքն է և հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձը։
Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին ադրբեջանական կողմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ 60 մմ տրամաչափի ականանետեր է կիրառել` թիրախավորել է Խրամորթ գյուղի հարակից գերեզմանոցը։ Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չեն եղել։