ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Ամերիկյան Boeing ավիացիոն կորպորացիան դադարեցրել է տիտան գնել Ռուսաստանից։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը:
Ընդ որում` անցած տարվա նոյեմբերին Դուբայի ավիասրահում Boeing-ը «Ավիսիմա» ռուսական խոշորագույն մատակարարի հետ հուշագիր էր կնքել այն մասին, որ ընկերությունը կշարունակի մնալ Boeing-ի հիմնական մատակարարը:
Ավիացիոն կայքերից մեկի գնահատմամբ՝ ավելի վաղ Boeing-ն այդ ընկերությունից գնում էր տիտանի պահանջվող քանակի մոտ 35 տոկոսը, իսկ Airbus-ը Ռուսաստանից էր ձեռք բերում ընկերության ընդհանուր պահանջարկի 50-65 տոկոսը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։