ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ ամերիկացի գործընկերներից հավաստիացումներ է ստացել , որ ԱՄՆ-ն Բեռլինից «ոչ կխնդրի, ոչ էլ կպահանջի» էմբարգո սահմանել ՌԴ նավթի գնման համար:
«Երբ մի քանի օր առաջ ես ԱՄՆ-ում էի, բոլոր գործընկերների հետ խոսել եմ այն մասին, որ ԱՄՆ-ը ծրագրում է դադարեցնել Ռուսաստանից նավթի ներկրումը։ Ամերիկյան բոլոր գործընկերներն ինձ վստահեցրին, որ իրենք այլ իրավիճակում են, քան Գերմանիան ու Եվրոպան։ ԱՄՆ-ն նավթ արտահանող է, Ռուսաստանից ներկրումը 7,5 տոկոս է, իսկ Գերմանիան ներմուծող երկիր է, ռուսական ներմուծումը կազմում է 35 տոկոս։ Նրանք ինձ զրույցի ժամանակ ասել են, որ ոչ կխնդրեն, ոչ էլ կպահանջեն, որ մենք նույնն անենք», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտոնյան։
Նախարարն ընդգծել է, որ Գերմանիան պետք է ամեն ինչ անի, որպեսզի պատրաստվի նման որոշման հնարավոր ընդունմանը, սակայն պետք է երաշխավորել էներգակիրների մատակարարման շղթան:
«Մենք այդ մանևրի հնարավորության համար պայքարում ենք այն պահից ի վեր, ինչ ես պաշտոնավարում եմ (2021 թվականի դեկտեմբերի 8 - ից)», - հավելել է նա:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ որոշում չի կայացրել ՌԴ-ից նավթի ներկրումն արգելելու մասին, սակայն դա քննարկել է նաև մարտի 7-ին եվրոպացի առաջնորդների հետ շփումների ընթացքում: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ռուսական նավթի գնման արգելքը լուրջ հետևանքներ կունենա և կարող է փոխել համաշխարհային էներգետիկ շուկաները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Դրանից հետո Արևմուտքը ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել տարբեր ոլորտներում։