ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ ամենօրյա ռեժիմով շարունակում է զենքի մատակարարումն Ուկրաինա, ավելացնում է հումանիտար օգնությունը։ Հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մենք Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի պաշտպանական օգնություն ենք տրամադրել, սպառազինության մատակարարումները Միացյալ Նահանգներից Ուկրաինա են հասնում ամեն օր, մենք նաև համակարգում ենք Գերմանիայից մինչև Ֆինլանդիա և Հոլանդիա մեր դաշնակիցների համանման սպառազինության մատակարարումները»,- հայտարարել է Բայդենը։
Նա Կոնգրեսին հորդորել է հաստատել Ուկրաինային 12 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու փաթեթը։
«Ես կոչ եմ անում Կոնգրեսին հավանություն տալ Ուկրաինային 12 միլիարդ օգնություն տրամադրելու փաթեթին, որի մասին ես նրանց խնդրել եմ»,- ասել է Բայդենը հեռուստաուղերձում:
Նշենք, որ ավելի վաղ փաթեթի չափը գնահատվել էր 10 մլրդ դոլար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։