Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Պաշտպանության նախարարություն. Արխիվային լուսանկար
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Այս մասին նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
«Մասնավորապես, մարտի 8-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, թե նույն օրը, առավոտյան, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը»,-հայտնում են ՊՆ-ից։
Մարտի 7-ին, սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին` ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայող։ Նրանցից մեկը` ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է