Թուրքիայում գնաճի բարձր մակարդակը կպահպանվի մինչև տարեվերջ. նախարար

Թուրքիայի ֆինանսների նախարարը մեկնաբանել է երկրում գնաճի բարձր ցուցանիշի պատճառներին վերաբերող հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Թուրքիայում գնաճի բարձր մակարդակը տարվա ընթացքում կպահպանվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում փետրվարի արդյունքներով տարեկան գնաճը հասել է 54,44 տոկոսի՝ հունվարի 48,69 տոկոսի փոխարեն: Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ միայն փետրվարին սպառողական գների աճը Թուրքիայում կազմել է 4,81 տոկոս։
«Սպասվում է, որ գնաճը բարձր կմնա գնային ճնշման, փոխարժեքի հետաձգված ազդեցության և 2022 թվականի ընթացքում էներգակիրների համաշխարհային գների ազդեցության պատճառով»,-ասել է նախարարը, հաղորդում է BirGün-ը:
Նրա կարծիքով՝ գնաճի ցուցանիշը կսկսի նվազել միայն տարեվերջին։
Թուրքական լիրան հերթական հակառեկորդն է սահմանել
Հիշեցնենք, 2021թ․-ին, հաշվարկային դրույքի բազմակի նվազեցման ֆոնին Թուրքիայի ազգային արժույթի փոխարժեքի անկումն արագացել էր, ինչը բացասաբար էր անդրադարձել երկրի ֆինանսական համակարգի վրա։ Իսկ տարեկան գնաճը լիրայի փոխարժեքի տատանումների ֆոնին արագացել էր մինչև 36 տոկոս։