Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կառավարության առաջնահերթություններից է. Հունանյան

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։ Հունանյանը խոսել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին թուրքական կողմի խոսույթն անհասկանալի է համարում։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը` անդրադառնալով այդ թեմայի շուրջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը։
Օրեր առաջ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպել են Բաքվում։ Հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը կարևոր է։ Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
«Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, և սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում»,– նշել է Հունանյանը:
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել և որ չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին:
Շինծու, հակահայ․ ԱԳՆ-ն դատապարտում է ՀՀ և ԱՀ նախագահների նկատմամբ Ադրբեջանի հետապնդումները
Հունանյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և բնականաբար այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է:
Հիշեցնենք` փետրվարի 9–ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է բանակցել և առարկայական խոսակցություն ունենալ։
Զգուշավոր լավատեսություն կա․ Զասը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին