ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Մեր ամենակարևոր խնդիրներից մեկը դոլար–դրամ փոխարժեքը կայուն պահելն է, որպեսզի տարադրամի արտահոսք չլինի։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` անդրադառնալով ՌԴ–Ուկրաինա ճգնաժամի հնարավոր ազդեցությանը ՀՀ–ի վրա։
«Որոշ տվյալներով` օրական 6000 ՌԴ–ի և Ուկրաինայի քաղաքացիներ են ՀՀ գալիս և ռուբլի բերում իրենց հետ։ Ամենակարևոր խնդիրն է, որ տարադրամի արտահոսք չունենանք։ Հիմա էկոնոմիկայի նախարարությունը բանաձև է մշակում, ըստ որի` ցանկացած օտարերկրյա ներդրող, երբ հաշիվ է բացում, մինիմում վեց ամիս պետք է այդ գումարը ՀՀ–ում պահի։ Սա զսպող մեխանիզմներից մեկն է»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` մյուս կարևոր խնդիրն էլ հացահատիկն է, որի մեծ մասը ՀՀ—ն Ռուսաստանից է ներկրում։ Հակոբյանը նշում է` որքան երկարի ռուս-ուկրաինական պատերազմը, ՌԴ–ն այնքան սահմանափակումներ կմտցնի արտահանումների վրա։ Իսկ կառավարության նիստի ժամանակ հնչած առաջարկը, թե ով 3000 հեկտար ազատ հող ունի, թող այնտեղ ցորեն ցանի, ըստ Հակոբյանի, դիլետանտ մոտեցում է։ Ընդդիմադիր պատգամավորն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ամեն հողի վրա հնարավոր չէ ցանել և ցորեն ստանալ։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իշխող խմբակցության պատգամավորները նշեցին, որ այս պահին հացահատիկի ներկրման խնդիր չունենք։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական դեպքերին` Հակոբյանը նշեց, որ պետք է տարանջատել Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը, քանի որ պետք է հիշել, թե ինչպես 44-օրյա պատերազմից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորում էր Ադրբեջանի նախագահին։ Հակոբյանի խոսքով` Ուկրաինան իր անհեռատես քաղաքականության պատճառով հասավ այս իրավիճակին, և ՌԴ–ն չուներ այլընտրանք։