Բարեբախտաբար ՀՀ–ն բնական գազը ՌԴ–ից ձեռք չի բերում միջազգային շուկայական գներով, այլապես ստիպված կլիներ հարմարվել գործընթացներին ու բավականին բարձր գներին, մինչդեռ այսօր օգտվում ենք ավելի ցածր սակագնից, որը ձևավորված է մեր սահմանին (165 դոլար 1000խ/մ դիմաց) և պայմանագիրն էլ կնքված է երկարաժամկետ կտրվածքով, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը։
Ըստ նրա` այստեղ գործ ունենք գազի ներկրման և դրա դիմաց վճարման այլ մոդելի հետ, որը գործում է, օրինակ, հետխորհրդային տարածքի որոշ պետություններում, հետևաբար առկա ռիսկերը դժվար թե հանգեցնեն մի իրավիճակի, որ ռուսական կողմը վերանայի Հայաստանին մատակարարվող գազի գինը։
Ինչ վերաբերում է համաշխարհային էներգետիկ շուկային, ապա մասնավորապես ածխաջրածինների, նավթի ու գազի շուկաներն առավել զգայուն են ներկայիս տեղեկատվական տարբեր հոսքերի հանդեպ և ցանկացած քաղաքական հայտարարություն այնպիսի բարդ գործընթացի ֆոնին, ինչպիսին ուկրաինական ճգնաժամն է, ուղիղ ազդեցություն է ունենում գնագոյացման վրա։
«Եվրոպական հիմնական սպառողները փորձում են լցնել իրենց գազի պահուստարանները և ակնկալում են, որ ՌԴ–ի դեմ պատժամիջոցների խստացման պարագայում գուցե առաջանա դեֆիցիտ, այսինքն` սահմանափակվեն մատակարարումները Ռուսաստանից։ Այս ամենը վերջին հաշվով հանգեցնում է գնաճի, որովհետև պահանջարկի աճը մի կողմից, քաղաքական զարգացումները՝ մյուս կողմից, անշուշտ հանգեցնում են ֆյուչերսների գնի բավականին կտրուկ աճին, ինչն իր անդրադարձն է ունենում ոչ միայն եվրոպական շուկայի, այլև ամբողջ աշխարհի գազի շուկայի վրա»,– նշեց էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։
Դավթյանը զուգահեռներ անցկացրեց նավթի շուկայի հետ, որովհետև գազն ու այդ էներգակիրը փոխկապակցված են։ Նա վկայակոչեց միջազգային էներգետիկ գործակալության տվյալները, որոնց համաձայն` եթե ուկրաինական ճգնաժամը շարունակվի, ապա ընթացիկ տարում մեկ բարել նավթի գինը կհասնի 185 դոլարի։ Հաշվի առնելով, որ նավթի գներն ուղղակի ազդեցություն ունեն գազի շուկայում տեղի ունեցող գործընթացների վրա, ապա ակնհայտ է, որ սա, ըստ նրա, շարունակական բնույթ է կրելու, և եվրոպական շուկայում այս պահին առկա գինը վերջինը չէ։
«ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցներն իրականում ավելի ֆրագմենտար բնույթ են կրում։ Էներգետիկ պատժամիջոցների խստացման հիմնական կոչերը գալիս են Մեծ Բրիտանիայից, որովհետև այդ տերությունն ունի էներգակիրների անհրաժեշտ պաշարներ և մեծ հաշվով ինքնաբավ է` ի տարբերություն եվրոպական մի շարք այլ տնտեսությունների։ Դա է պատճառը, որ ռուսական որոշ բանկեր չանջատվեցին SWIFT համակարգից` պայմանավորված այն հանգամանքով, որ հիմնականում «Սբերբանկի» և «Գազպրոմբանկի» միջոցով է իրականացվում ածխաջրածինների վաճառքի հիմնական տրանզակցիաների մեծ մասը»,– հավելեց Դավթյանը։
Նրա խոսքով` այսօր Եվրոպայում շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանից 50 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման նվազումը նախևառաջ անհրաժեշտ է փոխհատուցել սեփական գազի արդյունահանման շնորհիվ, ինչը բավականին խնդրահարույց է` հաշվի առնելով Եվրոպայում տասնամյակների ընթացքում ձևավորված էկոլոգիական օրակարգը։
Հին աշխարհամասում շատ լավ հասկանում են նաև այն, որ ռուսական գազի ծավալների կրճատման ֆոնին անհրաժեշտ է ակտիվացնել քարածխի արդյունահանումը, ինչը ևս հակասում է կլիմայի մասին Փարիզում կնքված հայտնի համաձայնագրի հիմնադրույթներին, հետևաբար այն երկրները, որոնք կախված են ռուսական գազի մատակարարումներից, շատ պրագմատիկորեն են գնահատում իրավիճակը և պատժամիջոցներ չեն կիրառում ռուսական խոշոր նավթագազային ընկերությունների նկատմամբ։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Եվրոպայում գազի գինը հասել էր 1000 խորանարդ մետրի դիմաց 2391 դոլարի, իսկ մարտի 7-ին հատել էր 3800 դոլարի սահմանը։