Պուտինը Ուկրաինայի իրադրությունը քննարկել է Միշելի հետ

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի առաջնորդն ու Եվրախորհրդի նախագահը մանրամասն քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակի հումանիտար ասպեկտները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի հանրապետությունների պաշտպանության հատուկ գործողության վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը ներկայացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության` Պուտինը Միշելի հետ զրույցում ընդգծել է, որ ռուս զինվորականները բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում են Ուկրաինայում խաղաղ քաղաքացիների կյանքը պահպանելու համար։
ՌԴ նախագահի խոսքով` Ուկրաինայում հիմնական սպառնալիքը բխում է ազգայնականներից, որոնք ահաբեկիչների մարտավարություն են կիրառում` թաքնվելով խաղաղ բնակիչների հետևում։ Նա ԵՄ-ին կոչ է արել իրական ներդրում ունենալ մարդկանց փրկության գործում, ճնշում գործադրել Կիևի վրա, ստիպել հարգել հումանիտար իրավունքը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Երրորդ փուլը նախատեսված է այսօր։