Կենտրոնական բանկը չի բացառում, որ «Ինեկոբանկի» նկատմամբ միջոցներ կկիրառվեն

Կենտրոնական բանկ
«Ինեկոբանկից» ԿԲ–ին հայտնել են, որ հաճախորդների գումարների կորուստներ չեն արձանագրվել: Հաճախորդներն այլ բան են ասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը չի բացառում, որ «Ինեկոբանկի» նկատմամբ պատասխանատվության միջոցներ կկիրառվեն։ Վերջնական որոշումը հայտնի կլինի, երբ ԿԲ–ն ավարտի բանկում ծագած տեխնիկական խնդիրների ու դրանց հետևանքով հնարավոր ռիսկերի ուսումնասիրությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
«Կենտրոնական բանկն իրականացնում է առաջացած խնդիրների պատճառահետևանքային կապերի ուսումնասիրում և բանկի կողմից գործընթացի ռիսկերի կառավարման գնահատում: Գնահատման արդյունքներով կորոշվեն վերահսկողական միջամտության անհրաժեշտությունը և եղանակները, այդ թվում` բանկի նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը»,– հայտնում են ԿԲ–ից:
Հիշեցնենք` «Ինեկոբանկի» հաճախորդները հունվար–փետրվար ամիսներին շուրջ 2 շաբաթ սոցիալական կայքերում դժգոհություններ էին հայտնում բանկի աշխատանքից։ Ըստ նրանց` հունվարի 25-ից բանկի քարտերով որևէ գործողություն հնարավոր չէր կատարել` ո՛չ կանխիկացում, ո՛չ վճարում, ո՛չ փոխանցում։
Բանկին ուղղված հեռախոսազանգերն էլ անպատասխան էին մնում։
«Ինեկոբանկը» Facebook-ի իր էջում պարզաբանում էր, որ պատճառը տեխնիկական խնդիրներն են, և պարբերաբար վստահեցնում, որ աշխատանքներ են տարվում խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ, բայց խնդիրը կարգավորելու հստակ ժամկետ չէր հայտնում։ Թեև նախապես հայտարարել էր, որ հունվարի 26-ին գործարկվելու է «Ինեկոբանկի» սեփական գերժամանակակից պրոցեսինգային կենտրոնը, ինչի հետ կապված քարտերով կատարվող բոլոր գործառնություններն անհասանելի են լինելու հունվարի 𝟮𝟱-ի 𝟮𝟯:𝟯𝟬-ից մինչև հունվարի 𝟮𝟲-ի 𝟭𝟵:𝟬𝟬-ն։
Հայտարարված ժամկետից 2 շաբաթ անց էլ որոշ ծառայություններ դեռ անհասանելի էին, ինչը բանկում բացատրում էին անկանխատեսելի խնդրով։
ՎՏԲ–ի հաճախորդները չեն կարող գումար կանխիկացնել կոնկրետ բանկերի բանկոմատներից
«Երբեք չէի մտածի, որ բանկը կարող է ասել` անկանխատեսելի խնդիր ունեմ ու չգիտեմ` երբ ձեր հարցը կկարողանամ լուծել»,–Facebook-ում գրել էր օգտատեր Արփի Օսկանյանը։
Վազգեն Թորոսյան անունով օգտատերն էլ հայտնում էր, որ իր հաշիվները զրոյացել են, բանկի հետ կապ հաստատել էլ չի ստացվում։ «Էլ չասեմ, որ դրանից առաջ անհասկանալի գործարքների sms-ներ են եկել, ու ոչ մի բացատրություն չկա»,– գրել էր նա։
Օգտատեր Լուսինե Հովհաննիսյանն էլ բանկի FB էջում հայտնել էր, որ իր քարտից «կլորիկ» գումար է փոխանցել, փոխանցումը չի կատարվել, գումարն էլ հետ չի ստացել։ «Զանգերին չեք պատասխանում, հավելվածի նամակներին չեք պատասխանում, էս անպատասխանատու վերաբերմունքը ո՞նց կմեկնաբանեք»,– գրել էր նա։
Բանկի հաճախորդների բողոքների ու ահազանգերի մասին մեր հարցին ԿԲ–ից պատասխանեցին, որ պրոցեսինգի հետ կապված խնդիրների վերաբերյալ ս.թ. փետրվարի 20-ի դրությամբ գրավոր դիմում բողոքներ չեն ստացել: Իսկ ԿԲ թեժ գծով ստացվել է 10 ահազանգ:
Ինչ վերաբերում է կորած գումարների մասին հաճախորդների հայտարարություններին, «Ինեկոբանկից» ԿԲ–ին հայտնել են, որ հաճախորդների գումարների կորուստներ չեն արձանագրվել:
«Պրոցեսինգի հետ կապված հնարավոր խնդիրների լուծումը գտնվում է վերահսկողության ուշադրության ներքո: Բանկերը ինքնուրույն են որոշում իրենց կողմից իրականացվող գործառույթների եղանակները և միջոցները»,– նշում է ԿԲ–ն` միաժամանակ հիշեցնելով, որ Կենտրոնական բանկն իրականացնում է բանկերի գործունեության նկատմամբ վերահսկողություն, որի շրջանակներում հնարավոր խնդիրներն այժմ ուսումնասիրվում են։