ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանությունը 2022թ–ի բյուջեի դեֆիցիտը ծածկելու միջոցներ է փնտրում։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը` հավելելով, որ դրա մի մասը կառավարությունն արդեն գտել է։ Խոսքը Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած վարկի մասին է։
«Սա ամբողջությամբ չի փակում այդ դեֆիցիտը։ Մենք հիմա քննարկումների մեջ ենք այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ, որպեսզի այդ դեֆիցիտի ֆինանսավորման մասով հավելյալ միջոցներ ներգրավենք» ,– ասաց Հովհաննիսյանը։
Բյուջեի 242,9 մլրդ դրամ դեֆիցիտը փակելու համար կառավարությունը նախատեսում է ընդհանուր առմամբ 99 մլրդ դրամ գումար ներգրավել արտաքին աղբյուրներից։ ԱՄՀ–ն պատրաստ է տրամադրել դրանից շուրջ 35.5 միլիարդը։
Վարկը նախատեսված է ԱՄՀ–ի հետ 2019թ. մայիսին ՀՀ կառավարության կնքած «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագրով։ Դրանով ՀՀ–ին 248.2 մլն դոլարի աջակցություն է տրվել կառուցվածքային բարեփոխումների իրականացման նպատակով։
Հովհաննիսյանը պարզաբանեց, որ պայմանագրով վարկային ծրագրի 7 վերանայում է նախատեսված։ Այժմ 7-րդ–ն է տեղի ունենում։
Ինչ վերաբերում է վարկի տոկոսադրույքին, այն, ֆինանսների փոխնախարարի խոսքով, հստակ ֆիքսված չէ, և վարկավորման ընթացքում ևս վերանայվում է, հիմնականում` դեպի վեր։ Ներկա պահին 3.2 տոկոս է։
Թե կոնկրետ ստացած գումարի դիմաց Հայաստանն առաջիկա տարիներին որքան է վճարելու ԱՄՀ–ին, նախարարի տեղակալը հստակ պատասխան չտվեց։
«Բոլոր տոկոսադրույքներն անընդհատ փոփոխվում են։ Սրանք լողացող տոկոսներ են, ֆիքսված չեն, և դժվար է միանշանակ ասել, թե քանի տոկոս է լինելու տոկոսադրույքը։ Մենք կարող ենք մոտավորապես ենթադրություններ անել, բայց դա կախված է նաև նրանից, թե ապագա տարիներին ԱՄՀ–ից որքան վարկային միջոցներ կուզենք ներգրավել»,– ասաց նա`պարզաբանելով, որ որքան ավելանում է վարկի մարժան, այնքան ավելի են մեծանում տոկոսները։
Տվյալ վարկային ծրագրի համար մարման 5 տարի է նախատեսված, բայց կառավարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ իշխանությունը դա կանի 2 տարում` կրճատելով հավելյալ տոկոսների վճարման ծախսը։
Նշենք, որ նամակ–համաձայնագրով ՀՀ–ին տրամադրված վարկային ծրագրում նախկինում կատարված վերանայումներով ֆինանսական միջոցները 2020 թ–ին պետական հատվածի արդիականացումից ուղղվել են կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմմանը։ Իսկ 2021թ.–ին կատարված վերանայմամբ որոշվել է միջոցների մի մասն ուղղել պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, ՀՀ կառավարությունը 2021թ. նոյեմբերի 19-ին առաջակով դիմել է ԱՄՀ-ին ու ստացել վերջինի համաձայնությունը։
Վարկային համաձայնագրում համապատասխան փոփոխության առաջարկի քննարկման արդյունքում հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց կառավարության առաջարկած նախագծին։ Իսկ մարտի 9-ին այն արդեն կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում։
Կառավարությունն այս նախաձեռնությունն ԱԺ է ներկայացրել շտապ կարգով` դրա ամբողջական ընդունման համար սահմանելով 24-ժամյա ռեժիմ։
Մարտի 9-ին նախանշված արտահերթ նիստի օրակարգում, բացի վերոհիշյալ նախագծից, նաև «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն է։