ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, սերժանտ Հրաչ Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում:
«Դատապարտելով ՀՀ ԶՈւ զինծառայողի սպանությունը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը:Կարևոր ենք համարում նաև, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին պատշաճ գնահատական տրվի միջազգային հանրության կողմից»,– նշված է գերատեսչության հայտարարության մեջ
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե ՀՀ ԶՈւ զինծառայողը զոհվել է իրենց ստորաբաժանումների գործողությունների հետևանքով և մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունը համահունչ է ադրբեջանական ստորաբաժանումների ագրեսիվության աճի տրամաբանությանը:
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքով Երասխում պայմանագրային զինծառայող է մահացել։ Եվս մեկ զինծառայող վիրավորվել է։