ԵՐԵՎԱՆ, 7 մարտի , Sputnik - Արմենուհի Մխոյան. Գարնանային տոներին ընդառաջ Շիրակի մարզպետարանում բացվել է Գյումրու գեղագիտական ազգային կենտրոնի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի աշխատանքների ցուցահանդեսը։
30 նկարներից կազմված ցուցադրության մեջ ընդգրկվել են նատյուրմորտներ, որոնք արվել են համավարակի ժամանակ՝ ի նշան նոր կյանքի, նոր ծաղկող բնության, զարթոնքի ու սիրո։
Սուսաննա Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում դրական գնահատեց նմանատիպ կառույցներում արվեստի շունչն ու գեղեցիկը ներկայացնելու ցանկացած հնարավորություն:
Սա նմանատիպ առաջին դեպքը չէ. հունվարի 28-ին՝ Հայոց բանակի տոնին նվիրված «Վերելք» խորագրով ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել շիրակցի 14 արվեստագետներ։
«Առաջին անգամ չէ, որ մարզային գերատեսչության տարածքը ցուցասրահ է ընտրվել, նպատակ ունենալով մարզպետարան այցելող յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծել այնպիսի միջավայր, որը պաշտոնական մթնոլորտից դուրս է ու մոտ է արվեստին»,- նշեց մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արաքսյա Կիրակոսյանը տեղեկացնելով, որ Շիրակի մարզպետարանում ցուցահանդեսների շարքը կշարունակվի ։
Գարնանային տոներին նվիրված ցուցադրությունը մարզպետարանում կշարունակվի մինչև ապրիլի 19-ը: