Բոլոր հնարավորությունները կան, որ Ուկրաինայից վերադառնալ ցանկացողները ՀՀ գան. Աղաջանյան

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ դեսպանության աջակցությամբ հայ համայնքի ներկայացուցիչները տարհանվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Բոլոր հնարավորությունները ստեղծված են, որպեսզի Ուկրաինայում բնակվող այն հայերը, որոնք ՀՀ վերադառնալու ցանկություն ունեն, հայրենիք գան։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը` անդրադառնալով հայ համայնքի խնդիրներին։
«Բոլոր հնարավորությունները կան, որ արևմտյան կողմից Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով մեր հայրենակիցները վերադառնան ՀՀ»,–ասաց Աղաջանյանը։
Նրա խոսքով` Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունն ակտիվորեն աշխատում է հայ համայնքի հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովի։
Դեսպանության աջակցությամբ հայ համայնքի ներկայացուցիչները վտանգավոր տեղերից տարհանվել են, իսկ մեր դեսպանությունն էլ Կիևից Լվով է տեղափոխվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել այդ երկրի դենացիֆիկացման, ապառազմականացման ու չեզոքության պարտադրելու նպատակով։
Որոշման առիթ էր դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են ՌԴ-ին օգնության խնդրանքով։