Ադրբեջանը փորձում է արդարացնել խաղաղ բնակչության դեմ ուղղված հանցավոր քայլերը. Արցախի ՄԻՊ

Արցախում մարդու իրավունքների պածտպան Գեղամ Ստեփանյանն իր աշխատասենյակում. Արխիվային լուսանկար
Ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է Արցախում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող ռուսական խաղաղապահ ուժերին և հատկապես հրամանատարական կազմին վարկաբեկելու և զրպարտելու գործին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ադրբեջանը ցանկանում է արդարացնել խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունները և միաժամանակ հող նախապատրաստել հաջորդող արարքների ու սադրանքների համար։ Նման հայտարարություն է արել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով` դա է պատճառը, որ վերջին օրերին Ադրբեջանի ռազմատեղեկատվական աղբյուրները կեղծ լուրեր են տարածում հայ-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու մասին։
«Գործողություններին զուգահեռ ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է Արցախում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող ռուսական խաղաղապահ ուժերին և հատկապես հրամանատարական կազմին վարկաբեկելու և զրպարտելու գործին։ Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր գործողությունները և ռուս խաղաղապահներին ուղղված զրպարտանքները կրում են համակարգային և ուղղորդված բնույթ, կազմակերպվում են ադրբեջանական իշխանությունների իմացությամբ և նրանց հրահանգով»,–գրել է Ստեփանյանը։
Նա շեշտել է, որ արձանագրվող բոլոր դեպքերը կրկին ապացուցում են ադրբեջանական կողմի ուղիղ և անառարկելի դիտավորությունը՝ խաթարելու Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության բնականոն կյանքը և էթնիկ զտման ենթարկելու Արցախը։
Խրամորթում իրավիճակը կայուն է, խուճապ չկա. գյուղապետ
Հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:
Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետ։