ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ադրբեջանը մտադիր է արագացնել թուրքական մոդելի ներդրումը երկրի զինված ուժերում։ Համապատասխան հանձնարարական է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Գեներալ-գնդապետ Հասանովը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրահանգներին համապատասխան, հանձնարարել է արագացնել Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի մոդելի կիրառումը ադրբեջանական բանակում, այդ թվում` ռազմական կրթության ոլորտում», - ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարը նաև վերլուծել է իրավիճակը ադրբեջանա-հայկական պետական սահմանին և այն տարածքներում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը, և հանձնարարել է «անհապաղ համարժեք արձագանքել հնարավոր սադրանքներին»։