ԵՐԵՎԱՆ, 6 մարտի Sputnik. Ուկրաինայի ժողովուրդը ԱՄՆ-ի հանցավոր քաղաքականության պատանդն է դարձել, այսօր հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ISNA գործակալությանը։
«Ուկրաինայի բնակիչները դարձել են ԱՄՆ-ի ուխտադրուժ քաղաքականության զոհերը, Իրանը հանդես է գալիս պատերազմի դեմ, ու որքան շուտ ավարտվի պատերազմը, այնքան լավ կլինի բոլորի համար»,-ասել է Ռայիսին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։