ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ռուս և ուկրաինացի գործընկերների՝ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Star պարբերականը։
«Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է իրադրությունն Ուկրաինայում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մոտ 1,5 ժամանոց հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։