Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2203 օբյեկտ. ՌԴ ՊՆ

Իգոր Կոնաշենկովի տեղեկացմամբ՝ ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի զորքերը վերահսկողություն են հաստատել 11 բնակավայրերի նկատմամբ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2203 օբյեկտ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«ՌԴ ԶՈՒ-ն մարտի 6-ի առավոտյան բարձր ճշգրտության զենքի հարվածով շարքից հանել է Ուկրաինայի ՌՕՈՒ-ի օդակայանը Ստարոկոնստանտինովում։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՀՕՊ-ը խոցել է հակառակորդի 8 ինքնաթիռ. չորս Սու-27, մեկ ՄիԳ-29 Ժիտոմիրի շրջանում, Սու-27 և Սու-25՝ Ռադոմիշլի շրջանում և Սու-25՝ Նեժինայի շրջանում։ Ընդհանուր առմամբ՝ ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել է 69 ինքնաթիռ երկրի վրա ու 24-ը՝ օդում, 778 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ»,- տեղեկացրել է գեներալ-մայոր Կոնաշենկովը։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ մարտի 5-ի երեկոյան ՌԴ ԶՈՒ-ն զանգվածային հարված է հասցրել՝ ոչնչացնելով Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 61 օբյեկտ։
Նա հավելել է, որ ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի զորքերը վերահսկողություն են հաստատել 11 բնակավայրերի նկատմամբ։ ԴԺՀ ուժերը վերահսկողության տակ են վերցրել Մարիուպոլ քաղաքի Հին Ղրիմ թաղամասը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։