ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությունն ու Սիրիայի Արաբական Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այդ առիթով այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադն ուղերձներ են փոխանակել։
«Նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ հայ-սիրիական հարաբերությունները խարսխված են միմյանց նկատմամբ հարգանքի ու վստահության ամուր հիմքերի վրա, ինչը բազմիցս արտահայտվել է դժվարին իրավիճակներում երկու ժողովուրդների և պետությունների՝ միմյանց նկատմամբ ցուցաբերած մարդասիրական և բարոյական աջակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ուղերձում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերը՝ որպես կամուրջ երկու երկրների և ժողովուրդների բարեկամության համար։
Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները հետագա տարիներին առավել կընդլայնվեն և կամրապնդվեն։
Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադն էլ ընդգծել է, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում շարունակաբար զարգացել են։ Սիրիական կողմը պատրաստակամություն է հայտնել առավել խորացնել հայ-սիրիական հարաբերությունները և ամրապնդել պատմական կապերն՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների և երկրների։