Փրկարարները Վարդենյաց լեռնանցքում արգելափակումից 35 ուղևորի են դուրս բերել

Ավտոմեքենաներն ու քաղաքացիներին դուրս բերելուց հետո փրկարարները հերթապահություն են իրականացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Եղանակային կտրուկ փոփոխությունները Վարդենյանց լեռնանցքում 3 տասնյակից ավելի քաղաքացիների արգելափակման պատճառ են դարձել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 20։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ։
Ավտոմեքենաներն արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ հաղորդմամբ՝ ավտոմեքենաներն արգելափակվել են Մարտունի-Գետափ ավտոճանապարհին։
Փրկարարներին հաջողվել է արգելափակումից դուրս բերել 14 ավտոմեքենա, ընդհանուր առմամբ՝ 35 ուղևորի։ Գերատեսչությունից տեղեկացնում են, որ փրկարարները նաև հերթապահություն են իրականացրել: