21-րդ դարի գիտությունը կարողացել է տվյալներ գտնել այն մասին, թե ինչ տեսք է ունեցել իրական Նոյյան տապանը։ Եվ պարզվել է, որ տապանն ամենևին էլ այնպիսին չի եղել, ինչպիսին ընդունված է եղել պատկերել դարեր շարունակ։ Փոխարենը հայտնի են դարձել դրա իրական չափերն ու գործնական հարմարությունը։ Մանրամասները՝ Sputnik Արմենիայի հոդվածում։
1872 թվականին Բրիտանական թանգարանի աշխատակից Ջորջ Սմիթը վերծանեց շումերական «Գիլգամեշի մասին էպոսը» և ակնհայտ նմանություն հայտնաբերեց այդ լեգենդի և Նոյի մասին բիբլիական պատմության միջև։ Դա սենսացիա դարձավ, քանի որ պարզվեց, որ ջրհեղեղի մասին լեգենդը հենվում է հնագույն ժողովուրդների գրավոր աղբյուրների վրա։ Դրանից հետո այլ ապացույցներ ևս հայտնաբերվեցին։
Այսպես, 20-րդ դարի առաջին կեսին հնագիտական գիտարշավները Իրաքի տարածքում խոշոր ջրհեղեղի հետքեր հայտնաբերեցին՝ ոչ պակաս, քան 5000 տարվա հնությամբ։ Ավելի ճիշտ՝ խոշոր էր այն շրջանը, որտեղ հնագետները մի քանի մետր հաստությամբ տիղմի շերտ էին հայտնաբերել, իսկ ջրհեղեղների թվագրումները տարբեր շումերական քաղաքներում տարբեր էին։
Օրինակ՝ Ուրում դա եղել է մ․թ․ա․ 3500 թվականի մոտակայքում, Ուրուկում՝ մ․թ․ա․ 2900-ին, Շուրուպպակում՝ մ․թ․ա․ 2700-ին, Քիշում՝ մ․թ․ա․ 2500-ին, ինչից եզրակացրել են, որ ջրհեղեղները մի քանիսն են եղել, իսկ լեգենդը ընդհանրացնում է դրանք։ Սակայն հետո պարզվեց, որ լեգենդի հիմքում ոչ թե շարքային գետի ջրհեղեղ է, այլ շատ ավելի մասշտաբային աղետ, ինչի մասին մանրամասն պատմվում է «Ինչո՞ւ Նոյը կանգ առավ Արարատի վրա» հոդվածում։
Եվ ահա, 21-րդ դարի սկզբին Բրիտանական թանգարանի հետազոտող պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը (Irving Finkel) կարողացավ տիրոջը փրկած նավի նկարագրությունը կարդալ բաբելոնական կավե տախտակի վրա, որը 3700 տարեկան էր։ Հերոսի անունը Ատրահասիս է, ինչը թարգմանաբար նշանակում է «շատ իմաստուն»։ Դա աքքադական, այսինքն՝ բաբելոնյան ավանդություններում Նոյի իրական նախատիպի անվան տարբերակներից մեկն է, ինչպես շումերական Զիուսուդրան կամ ասորական Ուտնապիշտիմը։
Ատրահասիսի մասին աքքադական պոեմը հայտնաբերվել է 1880-ականներին՝ հնագույն Սիփփարի պեղումների ժամանակ։ Դրա տեքստը ստեղծվել է մ․թ․ա 17-րդ դարում՝ Բաբելոնի արքա Ամմիսադուկի կառավարման տարիներին (մ․թ․ա․ 1646-1626 թթ․), և զբաղեցնում է երեք աղյուսակ, ընդհանուր առմամբ՝ մոտ 1000 տող։
Ֆինքելի վերծանած աղյուսակում սեպագիր մոտ 60 տող է եղել, այն հայտնաբերվել է 1940-ականների վերջին Մերձավոր Արևելքում, սիրողական պատմաբան Լեոնարդ Սիմոնսի (Leonard Simmons) կողմից, երբ վերջինս ծառայում էր Թագավորական ՌՕՈւ-ում։ 60 տարի անց, 2008թ․-ին, Սիմոնսի որդի Դուգլասը աղյուսակը փոխանցել է Ֆինքելին։ Այն ուղղանկյան տեսք ունի՝ ձեռքի ափի չափի, և թվագրվում է մ․թ․ա․ մոտ 1750 թվականով։
Ընդհանուր առմամբ մի քանի տասնյակ սեպագիր աղյուսակ է հայտնի, որոնց վրա շարադրվում է ջրհեղեղի պատմությունը, որն էլ հիմք է հանդիսացել աստվածաշնչյան լեգենդի համար։ Սակայն, ինչպես պնդում է Ֆինքելը, սա առաջինն է, որի վրա նկարագրվում է նավի արտաքին տեսքը։ Եվ այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը։
Իմաստության աստծո հրահանգներով և գծագրերով
Ջրհեղեղի մասին աքքադական առասպելի այս տարբերակում իմաստության աստված Հայա-Էնկին Ատրահասիս արքային ասում է, որ քանդի իր տունն ու դրանից նավ պատրաստի, ինչպես նաև արհամարհանքով վերաբերվի ունեցվածքին՝ կյանքը փրկելու համար։ Ատրահասիսը պատասխանում է, որ ինքը շինարար չէ, և Էնկիից հրահանգներ է խնդրում և հստակ գծագիր՝ չափսերով, և ստանում է այն։ Նավը, իմաստության աստծո խոսքով, պետք է եղեգնյա պատեր ունենար և կլոր լիներ․ դրա երկարությունն ու լայնությունը պետք է հավասար լինեին։
«Քանդի՛ր աշխատանքդ (տունդ), որ մի նավ շինես,
Գանձքն արհամարհի՛ր, որ հոգիդ փրկես։
Երկայնքն ու լայնքը հավասար կսարքես,
Այն նավի, որ պիտի կառուցես»։
Հնագույն բաբելոնյան տեքստը տապանը նկարագրում է որպես կլոր նավ-կորակլ, 222 ոտնաչափ (մոտ 68 մետր) տրամագծով, 20 ոտնաչափ (մոտ 6 մետր) բարձրությամբ պատերով։ Այնուհետև խորհուրդ է տրվում նավի կառուցման համար օգտագործել արմավենու թելեր՝ ջրակայունության համար բիտումով ամրացված։
Պրոֆեսորը Ֆինքելը միանգամայն տրամաբանորեն նշել էր, որ նավը, որը պետք է փրկեր ջրհեղեղից, բնավ էլ պարտավոր չէր որևէ տեղ լողալ, այն ընդամենը պետք է ջրի վրա մնար։ Նրա խոսքով՝ այդպիսի կլոր նավակներն այսօր էր օգտագործվում են Իրաքում և Իրանում, Բրիտանիայում դրանք կոչվում են «կորակլ», իսկ Միջագետքում, ինչպես և Աստվածաշնչում, «քուֆֆա»։
Հայտնի է, որ Հին Կտակարանի Ծննդոց գրքում տապանի չափերն ու հարաբերակցություններն այլ կերպ են նկարագրվում․ 300 կանգուն երկարությամբ, 50 կանգուն լայնությամբ և 30 կանգուն բարձրությամբ։ Մեկ կանգունը հավասար է մոտ 0,5 մետրի։ Թե ինչպես են այս թվերն առնչվում Ատրահասիսի մասին պոեմում նշված թվերի հետ, վերահաշվա՞րկ են, թե՞ կլորացված թվեր են, առայժմ տարբերակներ չկան։ Սակայն եղած տվյալներն էլ բավարար են գործնականում դրանց պիտանիությունը ստուգելու համար։
Աղյուսակում նկարագրված են տապանի կառուցման համար նախատեսված նյութերն ու չափերը՝ արմավենու մանրաթելից պատրաստված պարանների, փայտե կողերի ու պատրաստի նավի ջրամեկուսացման համար տաք բիտումով լի լոգակոնքերի քանակը։
Ամենահետաքրքիրն այն է, որ Էնկին Ատրահասիսին ասել է, որ կառուցման համար «քեզ հարկավոր կլինի քառասուն հազար չորս հարյուր երեսուն սուտու (տարողության հինբաբելոնական միավոր) պարան՝ մի մատնաչափ հաստությամբ: Մեկ սուտուն հավասար է 4 լիտրի, այսինքն՝ խոսքը մոտ 160 խորանարդ մետրին համարժեք ընդհանուր ծավալի մասին է (համեմատելու համար տեղեկացնենք, որ մեկ վագոն-կոնտեյների ծավալը 60 խմ է- խմբ.)։
Եթե այս ծավալը վերածենք երկարության և ներկայացնենք մեր չափման միավորներով, կստանանք բավականին մեծ հեռավորություն, ինչպես, օրինակ, Լոնդոնից մինչև Էդինբուրգ՝ 533 կմ (ուղիղ գծով)։ Իրվինգ Ֆինքելը Մարկ անունով մի մասնագետին խնդրել է հաշվել, թե որքան նյութ է անհրաժեշտ հենց այդպիսի ընդհանուր պարամետրերով՝ շուրջ 68 մետր տրամագծով և մոտ 6 մետր բարձրությամբ պատերով նավ ստանալու համար։ Մեր չափման միավորներով նման տրամագիծը տալիս է նավի 3600 քառակուսի մետր մակերես, որը համարժեք է ֆուտբոլի դաշտի տարածքի երկու երրորդին:
Եվ պարզվել է, որ այդպիսի շինություն կառուցելու համար 40 624 սուտու պարան պետք կլինի։ Այսինքն՝ աստծո ուղարկած հրահանգներում նշված թվի և ժամանակակից հաշվարկների արդյունքում ստացված տվյալների տարբերությունը մեկ տոկոսից էլ պակաս է։
Արդյունքն այնքան ցնցող է եղել, որ Մարկն ու Ֆինքելը մի քանի անգամ վերահաշվարկ են կատարել, ստուգել ու վերստուգել են կրկին ու կրկին, մինչև համոզվել են, որ պատահական համընկնում չէ։ Չէ՞ որ ակնհայտ է, որ բիտումի և մյուս նյութերի ամբողջ քանակը հաշվարկվել և ուղղվել է ըստ տապանի չափսերի, այնպես որ՝ փաստացի հենց նշված երկարության պարան օգտագործելով այն կառուցելը միանգամայն հավանական էր։ Մնում էր միայն տեսնել, թե ինչպես կստացվի իրականում։
Հաստատող փորձարկումը
Տապանի ճշգրիտ կրկնօրինակը՝ 5 անգամ փոքրացված և հիմնված 4000 տարվա հնության բաբելոնյան աղյուսակի վրա, ձեռագործ եղանակով վերստեղծվել է Հնդկաստանի հարավ-արևմուտքում՝ Քերալա նահանգում, Մալաբարյան ափին։ 2015թ․-ին «NOVA» հեռուստաալիքն այդ մասին վավերագրական ֆիլմ է նկարել՝ «Secrets of Noah's Ark | Documentary»։ Ցանկացողները կարող են ֆիլմը դիտել անգլերեն լեզվով, այն առայժմ թարգմանված չէ։
Վերստեղծված նավը կորակլի ձև ուներ և կառուցված էր աղյուսակում նշվածի մոտ մեկ հինգերորդ չափսով։ Նավը կառուցվել էր Հնդկաստանի ավանդական տեխնոլոգիաների և նյութերի օգտագործմամբ։
Իրվինգ Ֆինքելը հետևել է կառուցմանը և ի վերջո ասել, որ տապանի անգամ այդ՝ փոքրացված տարբերակը բավականաչափ մեծ է և կարող է մի քանի զույգ «լավ վարժեցված կենդանիներ» տեղավորել։
«Զարմանալին այն է, որ մենք ունեինք 4000 տարվա հնության հրահանգներ և, մի քիչ մտածելով, հասկացանք, որ կարող ենք անել այն, ինչի մասին այնտեղ նշվում է»։
«Ինչ-որ մեկն իրական տվյալներ է ավելացրել։ Հավանաբար նա տեղեկությունը ստացել է տեղի նավաշինարարներից և մեծացրել թվերը։ Թվերը հստակ են և խելամիտ, և գիտական տեսանկյունից դա հետաքրքիր է»։
Արդյունքում ավանդական կորակլ է ստացվել՝ ըստ ձևի, բայց ըստ չափի՝ վերջին 3700 տարվա ընթացքում ամենամեծը՝ մոտ 13 մետր տրամագծով և ավելի քան 130 քմ մակերեսով։
Պատրաստի տապանը մոտ 35 տոննա քաշ է ունեցել, բոլոր նյութերը ներկրվել են կամ գնվել մոտակայքում և փղերով տեղ հասցրել։ Նավը ջուրն են իջեցրել, և որպես փորձարկման եզրափակում՝ դրա բոլոր մասնակիցները լողացել են իրենց տապանով։
Պրոֆեսոր Ֆինքելի հետազոտությունը փաստացի ցույց է տվել, որ հնագույն լեգենդները պարզապես հետաքրքրաշարժ և ուսանելի հորինվածքներ չեն, ինչպես համարում էին վերջին երկու դարերի ընթացքում, այլ իրական հիմք ունեցող պատմություններ։ Դրանք կարող են ճշգրիտ տեխնիկական տվյալների իրական աղբյուր լինել։
Այնպես որ, Հայա-Էնկի աստծո օգնությունն ու գծագրերը, ինչպես նաև Արարատյան լեռներում փրկությունը, որին արժանանում էին շումերական հերոսներն ու բիբլիական Նոյը, այս ամենը տեղի է ունեցել իրականում, նույնիսկ եթե ոչ բոլորն են այսօր դա հասկանում կամ պատկերացնում։